Արարողությունը կրկնեցին. ինչպես հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը Թիֆլիսում
21:19 28.05.2022 (Թարմացված է: 23:28 28.05.2022)
© Photo : photo: courtesy of YouthpalaceՎորոնցովի պալատ
Վորոնցովի պալատ
© Photo : photo: courtesy of Youthpalace
Բաժանորդագրվել
Թբիլիսին XX դարի հայ մտավորականության համար նշանավոր քաղաք է։ Հենց այստեղ է հռչակվել Հայաստանի առաջին հանրապետությունը, որը, ըստ էության, հիմք դրեց Երկրորդ և Երրորդ հանրապետություններին։ Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, և ինչո՞ւ հենց Վրաստանում` պատմում է Sputnik Արմենիան։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայաստանի անկախության հռչակագիրը, որը հիմք հանդիսացավ Էրիվան (Երևան) մայրաքաղաքով Հայաստանի առաջին հանրապետության իրավական ձևավորման համար, ընդունվել է Թիֆլիսում 1918 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը։ Մայիսի 28-ի առավոտյան Թիֆլիսում Հայոց ազգային խորհուրդը հայ ժողովրդի անունից հռչակեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Սակայն հանդիսավոր արարողությունը ստիպված եղան անցկացնել երկու անգամ։
Բանն այն է, որ XX դարի սկզբին Թբիլիսին ոչ միայն Անդրկովկասի մշակութային կենտրոնն էր, այլև հայ մտավորականության և ընդհանրապես հայերի երկրորդ տունը։
Թիֆլիսի քաղաքային բնակչության մոտ 46%–ը հայեր էին, ընդ որում` մեր հայրենակիցները հաճախ բարձր պաշտոններ էին զբաղեցնում։ Հայերի մի մասը վաղուց էր ապրում այնտեղ, մյուսները տեղափոխվել էին` փրկվելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից։
Քաղաքական ու հասարակական կյանքում հայերի ակտիվ մասնակցությունը նպաստեց, որ Առաջին հանրապետության հռչակման վայր ընտրվի հենց Թիֆլիսը։
Առաջին հանրապետության ձևավորումը, ըստ էության, փրկօղակ դարձավ հայ ժողովրդի համար։ Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հայ ժողովուրդն այդ ուղին ընտրեց` ելնելով Համաշխարհային առաջին պատերազմի իրադարձություններից, ինչպես նաև տեսնելով Հայաստանի հարևան երկրների գործողությունները։
Նա հիշեցրեց, թե ինչ իրավիճակում էր հայտնվել Անդրկովկասը 1917 թվականի սկզբին։ Այդ ժամանակ Ռուսական Կովկասյան բանակը կասեցրել էր թուրքերի գրոհն ու կատարել հիմնական խնդիրը` պաշտպանել էր Անդրկովկասը թուրքերի ներխուժումից։
Միաժամանակ 1917 թվականի փետրվարին Ռուսաստանում բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն տեղի ունեցավ, որի հետևանքով գահընկեց արվեց ցարը, և ժամանակավոր կառավարություն հռչակվեց։ 1917 թվականի մարտին այդ կառավարությունը Թիֆլիսում Անդրկովկասյան հատուկ կոմիտե (Օզակոմ` Особый Закавказский комитет) ձևավորեց, որը պետք է կառավարեր Անդրկովկասը։
Նույն թվականի հոկտեմբերին տեղի ունեցած ապստամբությունից հետո կոմիտեն լուծարվեց, և Անդրկովկասյան կոմիսարիատ ձևավորվեց, որում ընդգրկվեցին Անդրկովկասի բոլոր ժողովուրդների ներկայացուցիչները (վրացիներ, հայեր, թաթարներ և այլն)։
Սակայն շուտով տարաձայնություններ սկսվեցին։ 1918 թվականի փետրվարին կոմիսարիատը Թիֆլիսում Անդրկովկասյան սեյմ հրավիրեց։ Առաջին իսկ համագումարի ժամանակ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ տարաձայնություններ սկսվեցին Անդրկովկասի անկախության հարցի և թուրքական զորքերի լայնածավալ գրոհի ֆոնին։ Հայկական կողմը պնդում էր, որ պատերազմը պետք է շարունակվի մինչև հաղթական ավարտը, սակայն ադրբեջանական կողմն առաջարկում էր Թուրքիայի հետ հաշտության պայմանագիր կնքել։
Մի քանի ամիս անց` 1918 թվականի մայիսին, թուրքական զորքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան և հարձակում սկսեցին երեք ուղղություններով` Սարդարապատ, Բաշ–Ապարան, Ղարաքիլիսա (այժմ` Վանաձոր. խմբ.)։ Սեփական երկրի պաշտպանության համար ոտքի կանգնեց ողջ հայ ժողովուրդը։ Արդյունքում հայկական ուժերը կարողացան կասեցնել հակառակորդի գրոհն ու հետ մղել այն։ Հենց մայիսյան հաղթանակը թույլ տվեց հայ ժողովրդին վերականգնել պետականությունը։
Վրաստանի կառավարությունը որոշեց դուրս գալ Անդրկովկասյան կոմիսարիատի կազմից և մայիսի 26-ին իրեն ինքնուրույն հանրապետություն հռչակեց։ Նույն օրինակին հետևեց նաև ադրբեջանական ներկայացուցչությունը։
Ի՞նչ արեց Հայաստանը
Այս իրադարձությունների և Անդրկովկասյան կոմիսարիատի լուծարման ֆոնին Հայոց ազգային խորհուրդը` Արամ Մանուկյանի գլխավորությամբ, 1918 թվականի մայիսի 27-ին Թիֆլիսում Մաչաբելի 12 հասցեում նիստ հրավիրեց մեծահարուստ արդյունաբերող Վարդան Ադամյանցի տանը, և հենց այնտեղ էլ որոշվեց հայոց պետականության հարցը։
Թադևոսյանը պատմում է, որ մայիսի 28-ի գիշերը այդ տանը (այսօր դրա տեղում բնակելի տուն է. խմբ.) կազմվեց անկախության մասին հռչակագիրը, նույն օրը առավոտյան էլ հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Սակայն հանդիսավոր արարողությունը ստիպված երկու անգամ անցկացրին։ Մեր զրուցակիցը նշում է, որ ի սկզբանե Առաջին հանրապետությունը հռչակվել էր «Հայ բարեգործական միություն» հայկական մշակութային կենտրոնում, որը գտնվում էր այն ժամանակվա Աբաս–Աբադի հրապարակում (այժմ` Լադո Գուդիաշվիլու հրապարակ)։
«Արարողությանն ավելի պաշտոնական տեսք տալու համար նույն օրը Առաջին հանրապետությունը հռչակվեց երկրորդ անգամ, այս անգամ արդեն` Վորոնցովի պալատում (այժմ` Երիտասարդական պալատ):
Մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան բյուրոների նիստում ճարտարապետ Հովհաննես Քաջազնունին անկախ Հայաստանի առաջին վարչապետ ընտրվեց, Երևանն էլ նոր հանրապետության մայրաքաղաք հայտարարվեց։ Մայիսի 30-ին Հայոց ազգային խորհուրդը թիֆլիսյան մամուլում հայ ժողովրդին ուղղված ուղերձ հրապարակեց` իրեն «հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն» հայտարարելով։
Հայաստանում առաջին խորհրդարանը սկսեց գործել 1918 թվականի օգոստոսի 1-ին։ 1918-1919 թվականներին Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը չորս լեզվով միասնական արժույթ ունեին (բոն)։ Սակայն 1919 թվականի կեսերին սկսեցին թողարկել սեփական դրամները։ Հայկական առաջին թղթադրամները տպագրվեցին 1919 թվականին Թբիլիսիում, քանի որ Հայաստանում ո՛չ տպագրական հաստոց կար, ո՛չ էլ թուղթ։
Թղթի վատ որակի պատճառով այդ թղթադրամներն արագ էին մաշվում։
«Նոր, ավելի որակյալ թղթադրամներ պատվիրվեցին Լոնդոնում։ Սակայն մինչև դրանք հասան Հայաստան, Առաջին հանրապետությունն արդեն գոյություն չուներ։ Հայաստանն ընդգրկվեց Խորհրդային Միության կազմում»։
Ի դեպ, 2018 թվականին Թբիլիսիի Երիտասարդական պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հայկական պատվիրակության մասնակցությամբ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակ բացվեց։