Ոչ թե Ռուսաստանն է գլոբալ սովի վտանգի աղբյուրը, այլ պատժամիջոցները. Պեսկով
© Sputnik / Aram NersesyanՑորենի դաշտ
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՄԱԿ–ի Համաշխարհային պարենային ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Թոմսոն Փիրին, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարող է աշխարհում պարենամթերքի գնաճի և սովի հանգեցնել։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ռուսաստանը չէ գլոբալ սովի վտանգի աղբյուրը, մեղքը պատժամիջոցներինն է, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՄԱԿ–ի Համաշխարհային պարենային ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Թոմսոն Փիրին, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարող է աշխարհում պարենամթերքի գնաճի և սովի հանգեցնել։ Նա նշել էր, որ Սև ծովի ավազանը հացահատիկի և գյումթերքի արտադրության ամենակարևոր տարածաշրջաններից մեկն է, Ուկրաինային և Ռուսաստանին բաժին է հասնում ցորենի համաշխարհային արտահանման 30%–ը, եգիպտացորենի արտահանման 20%–ը և արևածաղկի մատակարարման 76%–ը, այդ իսկ պատճառով արտադրության կամ մատակարարումների հարցում ցանկացած խափանում կարող է գնաճի հանգեցնել։
«Ռուսաստանը միշտ եղել է ցորենի հուսալի արտահանող։ Ուկրաինան եղել է հացահատիկի հուսալի արտահանող։ Ռուսական կողմը բացարձակապես չի խանգարում Ուկրաինային երկաթուղով հացահատիկ արտահանել Լեհաստան. այնտեղից զենքի էշելոններ են գնում, որևէ մեկը նրանց չի խանգարում հացահատիկ արտահանել նույն այդ էշելոններով։ Ինչ վերաբերում է տեղափոխման ծովային տարբերակին։ Մենք ասում ենք, որ մենք չենք այդ խնդրի աղբյուրը, իսկ մեր կողմից այլընտրանքային երթուղիների հարցում ևս մենք չենք համաշխարհային սովի տանող սպառնալիքի աղբյուրը։ Այդ խնդրի աղբյուրը նրանք են, ովքեր կիրառել են պատժամիջոցներ, և այն պատժամիջոցները, որոնք գործում են», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա հավելել է, որ Ռուսաստանում համաձայն են գլոբալ պարենային ճգնաժամի հետ կապված ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի մտավախությունների հետ։ «Նախագահ Պուտինը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հետ վերջերս տեղի ունեցած զրույցի ժամանակ ևս համաձայնել է, որ հնարավոր է՝ նման պոտենցիալ վտանգ լինի», – նշել է Պեսկովը։
Ըստ նրա` ՌԴ նախագահն արդեն ասել է, որ սահմանված պատժամիջոցային սահմանափակումները հանգեցրել են անկման, որն այսօր նկատվում է շուկայում, դրան են հանգեցրել նաև Ուկրաինայի կողմից ջրային տարածքի ականապատման գործողությունները, որոնք ծովային ճանապարհը վտանգավոր են դարձրել։ «Տեղաշարժը վերականգնելու համար հատուկ միջոցներ են անհրաժեշտ։ Ահա այդ մասին է խոսել նախագահը», – հիշեցրել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Ուկրաինայի կողմից հացահատիկի արտահանմանը, լոգիստիկ խնդիրներն ի հայտ են եկել Կիևի մեղքով, ուկրաինական զորքերն են ականապատել սեփական ծովային նավահանգիստները։ Այնտեղ հավելել են, որ «այն խոսակցությունները, որոնց համաձայն՝ իբրև թե սևծովյան նավահանգիստներում Ռուսաստանն է արգելափակել ուկրաինական հացահատիկի արտահանումը, և դրանից հացահատիկի շուկայում դեֆիցիտ է առաջացել, ոչ այլ ինչ է, քան սպեկուլյացիա»։
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում Օդեսային ծովային նավահանգստի նախկին աշխատակիցը պատմել է, որ Ուկրաինան ԵՄ–ի ճնշման տակ Օդեսայի նավահանգստի պահեստարաններից ցորենի պահուստները դուրս է բերում այլընտրանքային ճանապարհներով՝ անկախ սեփական երկրում հացահատիկի դեֆիցիտի վտանգը հաշվի առնելու։
ՄԱԿ–ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ուկրաինայից հացահատիկը, եթե հավատանք արևմտյան քաղաքական գործիչների հայտարարություններին և ԶԼՄ–ների տվյալներին, ակտիվորեն դուրս է բերվում ինչպես էշելոններով՝ երկաթուղային ճանապարհով, այնպես էլ բեռնանավերով` Դանուբով։ Նրա խոսքով` Ռուսաստանը հիմնավոր կասկածներ ունի, որ այդ հացահատիկը գնում է ոչ թե սոված Հարավի կարիքները հոգալուն, այլ եվրոպական երկրների պահեստարաններ. Այդպես է Ուկրաինան վճարում Արևմուտքի կողմից մատակարարվող սպառազինության դիմաց։
Արևմուտքի մի շարք երկրներ Ուկրաինայի իրավիճակի պատճառով ՌԴ–ի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են կիրառել։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով ՌԴ–ի դեմ սահմանած պատժամիջոցների հետևանքների մասին, հայտարարել էր, որ դրանք համաշխարհային պարենային ճգնաժամի կհանգեցնեն՝ առանձին երկրներում սովի հեռանկարով։