«Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը». Նիդեռլանդներում ցուցադրություն է բացվել
10:17 11.05.2022 (Թարմացված է: 10:18 11.05.2022)

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Նիդեռլանդների Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը
Բաժանորդագրվել
Հայանպաստ գործունեության համար Նիդեռլանդների տարբեր ոլորտների 5 գործիչներ պարգևատրվել են Հայաստանի պետական պարգևներով:
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդեռլանդներ պաշտոնական այցը սկսել է Ասեն քաղաքի «Բոսկամպ» գերեզմանատնից, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանն Ասենում տեղադրվել է 2001 թվականին:
Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցել է Նիդեռլանդների Թագավորության Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը:
Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ուշագրավ ցուցահանդեսը, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի խորհրդանշական տարում։
«Այս տպավորիչ հավաքածուի շնորհանդեսը Դրենց թանգարանում և երկլեզու կատալոգը ուժեղ խթան կհանդիսանա երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման համար և թույլ կտա հազարավոր այցելուների բացահայտել Հայաստանի անցյալը Արարատի ստվերի ներքո, որը մշտապես եղել է համընդհանուր խորհրդանիշ հայերի և ընդհանրապես քրիստոնյաների համար և շարունակականության ուղեցույց»,–ասել է Փաշինյանը։
Այնուհետև Նիդեռլանդների տարբեր ոլորտների 5 գործիչներ պարգևատրվել են Հայաստանի պետական պարգևներով՝ Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, հայանպաստ գործունեության համար:
«Մենք երախտապարտ ենք ձեզ և ձեզ համարում ենք Հայաստանի բարեկամ: Ապավինում ենք ձեզ և դուք նույնպես կարող եք ապավինել մեզ: Հույս ունեմ, որ կշարունակեք ձեր աջակցությունը հայկական ժողովրդավարությանը և խաղաղության օրակարգին, և իհարկե, Արցախի և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին»,–ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Նիդեռլանդների Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը
Վերոնշյալ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: Ներկայացված է 160 արժեքավոր ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանից: Ցուցադրված է նաև Նոյան տապանի եզակի մասունքը:
Հավելենք, որ այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդեռլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդեռլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Նիդեռլանդների Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը
