Արցախում ադրբեջանական շարասյան բեռնատարը հարվածել է հայկական տաքսիին. այն ընկել է ձորակը
12:30 06.05.2022 (Թարմացված է: 12:50 06.05.2022)
© Photo : Twitter / Irina SafaryanՄարտակերտի շրջանի Հաթերք գյուղ տանող ճանապարհին վթարված տաքսին
© Photo : Twitter / Irina Safaryan
Բաժանորդագրվել
Պատահարի ժամանակ տաքսու մեջ են եղել «Թումո» ստեղծարար կենտրոնի աշխատակիցները։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Արցախում ադրբեջանական բեռնատարների շարասյան մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական ավտոմեքենաներից մեկը հարվածել է ճամփեզրին կայանած հայկական տաքսիին ու գցել ձորակը։
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը կատարվածը որակում է որպես դիտավորյալ կատարված հանցագործություն։
«Մարտակերտի շրջանի ճանապարհին Արցախի քաղաքացիական մեքենայի դեմ ադրբեջանական բեռնատարի կողմից կատարվածը դիտավորյալ հանցագործություն է: Այս հանցագործության մաս են դարձել «Թումո» ստեղծարար կենտրոնի աշխատակիցները, որոնք իրենց առաքելությունը պետք է կատարեին` գյուղական համայնքներից ավելի շատ երեխա հավաքագրելու մասով, որպեսզի նրանք ավելի լավ կրթություն ստանան»,– գրել է Բեգլարյանը Twitter-ի իր էջում։
A deliberate crime by an #Azerbaijani truck against an #Artsakh/#NagornoKarabakh civilian car driving on a road of #Martakert region.
— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) May 6, 2022
The victims of this crime were @tumocenter employees in their mission of collecting more rural children for better #education. https://t.co/lNnnDE0Mfr
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանն ասաց, որ իրենց գերատեսչությունում դեպքը գրանցվել է որպես նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահար։
Նրա խոսքով` վնասի փոխհատուցման և մյուս բոլոր հարցերը գտնվում են ռուս խաղաղապահների տիրույթում, քանի որ այդ ճանապարհով ադրբեջանցիների ելումուտը նրանք են ապահովում։
Նշենք, որ դեպքի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև վթարի մասնակիցներից մեկը` «Թումո» կենտրոնի աշխատակից Խաչատուր Հայրապետյանը։ Նա նշել է, որ իրենց մեքենային հարվածելուց հետո ադրբեջանական բեռնատարը չի կանգնել։ Տաքսին սահել է դեպի ձորը և հետևանքները ողբերգական չեն եղել միայն վարորդի փորձառության շնորհիվ։ Մեքենայում գտնվող «Թումոյի» աշխատակիցներն անվնաս են մնացել։