Որո՞նք են Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջի դրույթները. Սաղաթելյանը ներկայացրեց դրանք
16:33 04.05.2022 (Թարմացված է: 16:57 04.05.2022)
© Sputnik / Asatur YesayantsԻշխան Սաղաթելյանը երթին
Իշխան Սաղաթելյանը երթին. Արխիվային լուսանկար
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ շարժվում են Ազգային ժողովի մոտ, որտեղ քիչ անց կմեկնարկի կառավարության անդամների հետ հարցուպատասխանը։ Նիկոլ Փաշինյանը նույնպես ներկա կլինի։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հանրային հրաժարականի պահանջը։
1.
Փաշինյանը՝ տապալելով Արցախյան բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն։2.
Նա խոստովանել է, որ կարող էր խուսափել պատերազմի ու զոհերից, բայց չի արել։3.
2021-ի հունիսին խոստացել էր վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք։4.
Իր նախընտրական ծրագրով խոստացել էր, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն` ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով։ Պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց կրկին խաբել է և հիմա այլ ճանապարհով է գնում։5.
Խոստացել էր թռիչքաձև տնտեսական աճ, բայց աճում է պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերի թիվը։6.
Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը դժբախտ ելք ունեցավ` հղի հայ կնոջը վրաերթի ենթարկեցին։«Ելնելով այս ամենից` Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»,- ասաց Սաղաթելյանը։
Նա հարցրեց, թե կարո՞ղ է դա ձևակերպել որպես հանրային պահանջ և, հավաքվածներից դրական պատասխան ստանալով, ասաց, որ իրենք էլ են ԱԺ-ի մոտ գնում։
Հիշեցնենք` երեկ Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքին Դիմադրություն շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ այսօր ժամը 15:30 քաղաքացիները հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի միասին հետևեն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, որին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։ «Նիկոլը գալու է ԱԺ, մենք պետք է լինենք այս հրապարակում իր հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու համար»,- ասաց Սաղաթելյանը։
Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի և 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։