Ռուստամյանը ԱԺ-ում ներկայացրեց ընդդիմադիրների պահանջը. Փաշինյանը պատասխանեց
16:57 04.05.2022 (Թարմացված է: 17:18 04.05.2022)
© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանն ԱԺ–ում
Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը կետ առ կետ արձագանքեց իր հրաժարականի պահանջում ներկայացված մեղադրանքներին։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ընդդիմադիր պատգամավորների խումբը ԱԺ նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։
Պատգամավորն ընթերցեց ընդդիմության` Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ արդեն հրապարակած հրաժարականի պահանջը։
Նրան պատասխանեց վարչապետը` կետ առ կետ արձագանքելով հրաժարականի պահանջում ներկայացված մեղադրանքներին։
«Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը և դրա մասին խոստովանել է 2018թ-ի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ` ասելով, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի ճիշտ` բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջներն անիրատեսական ու անընդունելի են մեզ համար, և Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին` ասելով, որ այլևս երկար ժամանակով մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը»,- ասաց Փաշինյանը։
Մեղադրանքին, թե ինքը հայտարարել է, որ կարող էր, բայց չի կանգնեցրել պատերազմը, Փաշինյանը հիշեցրեց, որ 2020թ-ին ԱԺ-ում հայտարարել է, որ կարող է կանգնեցնել պատերազմը` պայմանով, որ Լեռնային Ղարաբաղը լինի ԼՂԻՄ-ի նման կարգավիճակում։
«Պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական ու անընդունելի պահանջները։ Այսինքն` ընդունել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելուն, Փաշինյանը Ռուստամյանին ասաց. «Այն պահից, երբ ՀՀ-ն ընդունել է մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից դուք ճանաչել եք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։
Ավարտելով իր խոսքը` նա խոստացավ Ռուստամյանի արձագանքից հետո բացահայտում անել։
Պատգամավորը հայտարարեց, որ Փաշինյանն ի սկզբանե չի տիրապետել ու այսօր էլ չի տիրապետում Արցախի խնդրին։
«Եթե ձեզ թվում է, թե նախկինների վրա մեղքեր բարդելով կարող եք արդարացնել այն ձախողումները, որ դուք եք բերել այս երկրի գլխին, չարաչար սխալվում եք»,- ասաց Ռուստամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև հարցադրում արեց, թե ընտրվելուց հետո ինչո՞ւ Փաշինյանը չի առաջնորդվել Ղարաբաղի ժողովրդի կամքի իրականացման պատասխանատվությամբ։
«Ի՞նչ կապ ունի` ով ինչ է ժամանակին արել, դուք եք դարձել վարչապետ և պարտավոր էիք այդ կամքն իրականացնել։ Այդ կամքի իրականացման խոստումը դուք եք տվել։ Դրանից հետո դուք եք հայտարարել, որ նույնիսկ չեք տեսնում տեսական հնարավորություն` Արցախն Ադրբեջանի կազմից հանելու։ Եթե դուք այդ տեսակետի վրա եք, մնում եք վարչապետ, որ ի՞նչ անեք։ Որ Արցախը թողնեք Ադրբեջանի կազմո՞ւմ»,- ասաց նա։
Այս ելույթից հետո ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ չեն ուզում լսել Փաշինյանի պատասխանն ու լքեցին դահլիճը։
Վարչապետն ի պատասխան ասաց. «Միշտ այ սենց փախնելու եք։ Ուշադրություն դարձրեք` հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, թողեցին, փախան»։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։