Արցախի հիմնահարցը որևէ մեկի կողմից չի կարող դառնալ սակարկման առարկա. հայտարարություն
10:54 25.04.2022 (Թարմացված է: 11:24 25.04.2022)
© Sputnik / Asatur YesayantsՋահերով երթի մասնակիցները, Արցախի դրոշով, Հանրապետության հրապարակում (23 ապրիլի, 2022թ). Երևան
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Մի խումբ քաղաքական, գիտական ու արվեստի գործիչներ անընդունելի են համարում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները ՀՀ-ի, Արցախի հանրությանն ու Սփյուռքին ներկայացնելու սին փաստարկներն ու քարոզչությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ մի խումբ մտավորականներ, արվեստի գործիչներ ու նախկին պաշտոնյաներ հանդես են եկել հայտարարությամբ, որին միանալու կոչով դիմել են Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մտահոգ շրջանակներին։
Հայտարարության մեջ մատնանշված են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում առավել ցայտուն դրսևորված խնդիրները։
Դրանք են՝
Արցախի հիմնահարցը, որի հիմքում ընկած է միջազգայնորեն ամրագրված ազգերի ինքնորոշման և իր ճակատագիրը տնօրինելու հիմնարար իրավունքը, ոչ մի պարագայում, որևէ պատճառաբանությամբ կամ որևէ մեկի կողմից չի կարող դառնալ սակարկման առարկա։ Արցախի Հանրապետության ճակատագիրը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ողջ հայության միասնական իրավունքների և պատասխանտվության տիրույթում է։
Արցախի Հանրապետության կարգավիճակը, ներառյալ Հադրութի և Շուշիի շրջանները, Հայաստանի և Արցախի միջև անխափան և ազատ հաղորդակցությունը, հայերի վերադարձն իրենց մշտական բնակության վայրերը, արցախահայության անվտանգությունը և ռուսական խաղաղապահ առաքելության հետ մշտական աշխատանքը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։
Արցախի անվտանգության երաշխավոր կարող են լինել միայն ժամանակակից և մարտունակ Արցախի պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը։ Հայաստանի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Արցախի անվտանգության հետ։
Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցային գործընթացում Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն անսակարկելի է։ Հայ-թուրքական երկխոսության արդյունավետությունը չի կարող պայմանավորված լինել Արցախի կարգավիճակի և Արցախում անվտանգության խնդիրների վերջնական լուծման հետ։
«Այս փուլում, երբ վերոհիշյալ հիմնահարցերը լուծված չեն, մեզ համար անընդունելի են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները մեր հասարակությանն ու Սփյուռքին ներկայացնելու սին փաստարկները և քարոզչությունը, կասկածելի են դրանց ճշմարտացիությունն ու անկեղծությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները կոչ են անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և բարձրաձայնել համազգային անհամաձայնությունը Հայաստանի և Արցախի համար սպառնալից ցանկացած դրսևորման հետ և ոտքի կանգնել պաշտպանելու ազգային-պետական շահերն ու արժանապատվությունը։
Նշենք, որ հայտարարությունը նախաձեռնել են պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը, Կիպրոսում ՀՀ նախկին դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը։
Հայտարարությունը բաց է, դրան արդեն միացել են ՀՀ նախկին ԱԳ նախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Արա Այվազյանը, փոխարտգործնախարարներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, դեսպաններ Ռուբեն Կարապետյանը, Գրիգոր Առաքելյանը, Վարդան Ասոյանը, արտգործնախարարի նախկին խորհրդական Կարեն Դադուրյանը։
Միացել են նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, պրոֆեսորներ Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Արամ Սիմոնյանը, Գուրգեն Մելիքյանը, Արծրուն Ավագյանը, Սամվել Մուրադյանը, Յուրա Ավետիսյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը և այլ գիտնականներ։
Մշակութային գործիչներից հայտարարությունը ստորագրել են օպերային երգչուհի, պրոֆեսոր Արաքս Մանսուրյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Դավիթ Ամալյանը, Շուշան Պետրոսյանը Ալլա Լևոնյանը, Արամ Գևորգյանը (Արամո), արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցը, կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, բեմադրիչ, դերասան Նարեկ Դուրյանը և այլք։