Քարագլխի հիմնական բարձունքը մեր վերահսկողության տակ է. Արցախի նախագահն ԱԽ նիստ է անցկացրել
16:09 01.04.2022 (Թարմացված է: 16:52 01.04.2022)
© Photo : Facebook / Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентрԱրցախի Անվտանգության խորհրդի հերթական նիստը նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ (1 ապրիլի, 2022)․ Ստեփանակերտ
Բաժանորդագրվել
Արայիկ Հարությունյանը նշել է, որ որոշ կարևոր բարձունքներ առ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ:
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Երկրի ղեկավարը, նախ, նշել է, որ վերջին օրերին Անվտանգության խորհրդի նիստերի հաճախակի անցկացումը պայմանավորված է Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով և հատկապես Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներով: Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանության բանակին, ուժային մյուս կառույցներին և կամավորականներին, որոնք կարճ ժամանակահատվածում հասցրել են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:
«Մենք հասկանում ենք, որ նրանց նպատակը ամբողջ Քարագլուխը գրավելն է եղել: Պետք է արձանագրենք, որ Քարագլխի հիմնական բարձունքը` ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր: Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն, որը բխում է եռակողմ հայտարարությունից, պետք է վերականգնվի: Այս պահանջը մենք երբևէ չենք փոխելու»,- ասել է նախագահ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի կողմից հրահրված այդ սադրանքի նպատակը եղել է առաջին հերթին ռուսական խաղաղապահ ուժերի դերակատարությունը վարկաբեկելը: «Մենք համարում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը` չհաշված այդ դրվագը»,- ընդգծել է Հարությունյանը:
Այնուամենայնիվ, ԱՀ Նախագահը շեշտել է, որ պետք է զգոնությունը պահել բարձր մակարդակի վրա մինչև պարզ լինի, որ Ադրբեջանը նման սադրանքների էլ չի գնալու:
«Դրա համար հետագայում մենք մեր ինքնապաշտպանության առումով շատ ավելի արմատական և վճռական քայլեր ենք իրականացնելու»,- ասել է նախագահ Հարությունյանը:
© Photo : official site of MESCS of ARՔարագլուխ
Քարագլուխ
© Photo : official site of MESCS of AR
Նիստում պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ շփման գծում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ: Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում նախագահ Հարությունյանը շահագրգիռ կառույցների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։