Աշխատանքներ են տարվում թշնամուն ելման դիրքեր վերադարձնելու համար. Արցախի նախագահ
19:10 28.03.2022 (Թարմացված է: 19:11 28.03.2022)
© Photo : press office of the President of ArtsakhԱրայիկ Հարությունյանն ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի շարք անդամների (28 մարտի, 2022թ). Ստեփանակերտ
Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի շարք անդամների (28 մարտի, 2022թ). Ստեփանակերտ. Արխիվային լուսանկար
© Photo : press office of the President of Artsakh
Բաժանորդագրվել
Զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների խնդիրների լուծման ուղղությամբ հասարակական կազմակերպության անդամները նախագահին են ներկայացրել իրենց կարծիքները։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի շարք անդամների՝ կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանի գլխավորությամբ, հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։
Քննարկվել են վերջին օրերին շփման գծում լարվածության առնչվող հարցեր։
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացվում՝ սահմանագծի արևելյան հատվածում հակառակորդին ելման դիրքեր վերադարձնելու, ինչպես նաև հետագայում նման իրավիճակները բացառելու ուղղությամբ։
Նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին, վստահեցրել, որ Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների խնդիրներին, որոնց լուծման ուղղությամբ հասարակական կազմակերպության անդամները նախագահին են ներկայացրել իրենց կարծիքները։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող:
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: