Բանակցությունների պսակը պետք է լինի սահմանների բացումը. Միրզոյանը` Թուրքիայի մասին
16:26 21.03.2022 (Թարմացված է: 16:42 21.03.2022)
© Photo : official site of MFA of RA Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլույի հանդիպումը (12 մարտի, 2022թ). Անթալյա
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլույի հանդիպումը (12 մարտի, 2022թ). Անթալյա
© Photo : official site of MFA of RA
Բաժանորդագրվել
Արարատ Միզոյանը խոսել է թուրք նախարարի հետ հանդիպման մասին։ Վերջինս հայ գործընկերոջ հետ 30 րոպե տևած բանակցությունները կառուցողական և չափազանց արդյունավետ էր անվանել։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանց նախապայմանների առաջ տանելու պատրաստակամություն են հայտնել։ Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` ներկայացնելով Անթալիայում թուրք պաշտոնակցի հետ հանդիպման մանրամասները։
«Չավուշօղլուի հետ մեր հանդիպմանը երկուստեք կարևորվել է նորմալացման գործընթացի հետագա ընթացքը։ Երկու կողմերն էլ հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացն առանց նախապայմանների տանել առաջ և ի վերջո պսակել այն հարաբերությունների հաստատմամբ ու երկու երկրների միջև սահմանների բացմամբ»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Մարտի 12-ին Անթալիայում կայացավ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որը տևեց շուրջ 30 րոպե։
Մևլութ Չավուշօղլուն Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները կառուցողական և չափազանց արդյունավետ անվանեց, իսկ Միրզոյանն իր հերթին գոհունակություն հայտնեց, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդներն ու պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում։ Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում դրական արդյունքներ կտեսնենք։