3 կողմից ադրբեջանական զինուժն է. ինչն է մտահոգում Սյունիքի Ներքին Հանդ գյուղի բնակիչներին
22:20 17.03.2022 (Թարմացված է: 10:26 18.03.2022)
© Sputnik / David GalstyanՆերքին Հանդ գյուղի մոտ բլուրը, որի հետևում տեղակայվել են Ադրբեջանի զինված ուժերը
Ներքին Հանդ գյուղի մոտ բլուրը, որի հետևում տեղակայվել են Ադրբեջանի զինված ուժերը
© Sputnik / David Galstyan
Բաժանորդագրվել
Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ մի քանի օր առաջ ադրբեջանական ԶՈւ-ն «վերադարձել է» հայկական բնակավայրի մերձակա դիրքեր, գյուղի բնակիչները այդ հայտարարությունն անհեթեթ են համարում:
Արցախում պատերազմից հետո ադրբեջանցիները Սյունիքի Ներքին Հանդ գյուղի մերձակայքում տեղակայվել են մոտավորապես խորհրդային հին սահմանին։ Նրանցից առաջ հայկական ԶՈւ–ն էր տեղակայված։ Սակայն մի քանի ամիս առաջ, բնակիչների խոսքով, նրանք բարձունքներից մեկից իջել են դեպի Խորհրդային Հայաստանի տարածքի խորքը` հին Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։
ՀՀ Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական ԶՈւ–ի առաջխաղացման մասին հաղորդումներն ապատեղեկատվություն է անվանել` հայտարարելով, որ եղանակային պայմանների փոփոխման հետ կապված ադրբեջանցի զինվորականները «ընդամենը իրենց դիրքեր են վերադառնում»։
Մենք այցելել ենք գյուղ և բնակիչների հետ զրուցել ստեղծված իրավիճակի մասին։ Առաջին հերթին նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը տեղի բնակիչներն աբսուրդ են համարում։
«Ախր ոնց կարաս մարդկանց բերանը փակես, ասես սուտ ա։ Ամոթ ա, գոնե լռեն։ Էլ չի լինում է, սուս մնալ էլ չի լինում։ Մինչև ե՞րբ լռենք»,–ասում է գյուղի բնակիչներից մեկը։
Առաջխաղացման հատվածում են գտնվում գյուղացիների արոտավայրերն ու դաշտերը։ Այն բլրի դիմաց, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի զինվորականները, հին գյուղն է, բանջարանոցներն ու գերեզմանատունը։ Ներքին Հանդի բնակիչները պարբերաբար եղել են այդ հատվածներում և բացառում են, որ կարող էին չնկատել զինվորականների հայտնվելը։
© PhotoՆերքին Հանդ գյուղն ու ադրբեջանական ԶՈւ–ի տեղակայման վայրը
Ներքին Հանդ գյուղն ու ադրբեջանական ԶՈւ–ի տեղակայման վայրը
© Photo
Ադրբեջանին ԶՈւ դիրքերը գյուղացիներից մեկը նկատել էր դեռ 1.5 ամիս առաջ. եկել էր մոտակայքում արածող կովերին տանելու։ «Բացահայտման» մասին հայտնել էր հայ զինվորականներին։ Սկզբում 3 վրան է եղել, հետո հինգն են դարձել։
Գյուղն առանց այդ էլ հողի ու արոտավայրի խնդիր ունի, պատերազմից հետո այստեղ արդեն սկսել են վաճառել անասուններին։ Ադրբեջանական զինուժի առաջխաղացումից հետո արոտավայրերի խնդիրն է՛լ ավելի է սրվել։
Բացի այդ, բնակիչների խոսքով, վտանգ է առաջացել նաև խմելու ջրի աղբյուրների համար։
Վերջին տարվա ընթացքում Ներքին Հանդում վարժվել են, որ ադրբեջանցի զինվորականները գյուղից մի քանի հարյուր մետր են հեռու (նախկին խորհրդային շրջանի հատվածում)։ Սակայն ներկայիս դիքերը` գյուղից մեկ կիլոմետր հեռու, նրանք շատ ավելի վտանգավոր են համարում։
«Էստեղից էնտեղ, որտեղ վրանները խփել են, 500 մետր ա, էս մարդու տնից մինչև էնտեղ` 300 մետր։ Դրա համար մենք չենք անհանգստանում, բայց որ իրանք եկել-հասել են մեր տարածք, դրա համար ենք մենք անհանգստանում»,–ասում են բնակիչները։
© Sputnik / David GalstyanՆերքին Հանդ գյուղի մոտ բլուրը, որի հետևում տեղակայվել են Ադրբեջանի զինված ուժերը
Ներքին Հանդ գյուղի մոտ բլուրը, որի հետևում տեղակայվել են Ադրբեջանի զինված ուժերը
© Sputnik / David Galstyan
Վերջին երկու օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը աշխատանքների համար տեխնիկա են օգտագործում, ճանապարհ են կառուցում։ Մարդիկ հույս ունեն, որ հայ զինվորականները կփակեն նրանց հետագա առաջխաղացման հնարավորությունը, այլապես գյուղը օղակի մեջ կհայտնվի։ Այն առանց այդ էլ երեք կողմից ադրբեջանական դիրքերով է շրջապատված։
«Գիտե՞ք ինչ ա սա։ Ավելի շատ հոգեբանական ճնշում ա ամբողջ Հայաստանի վրա։ Բայց պիտի պայքարենք մինչև վերջ։ Ես, կին լինելով, տեղ չունեմ գնալու։ Եթե մենք գնանք, բա կանգնած զինվո՞րը։ Պարզ ա, որ ինքն էլ կգնա։ Մեր գյուղն ա, մեր տունն ա, ո՞ւր գնանք։ Մարդկանց սրբատեղին ա, գերեզմանոցն ա, ո՞ւր գնան»,–ասում է կանանցից մեկը։
© Sputnik / David GalstyanՆերքին Հանդ գյուղի գերեզմանոցը
Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցը
© Sputnik / David Galstyan
Նա ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ պատշգամբում կամ փողոցում իր գործողությունները վաղուց արդեն ադրբեջանցի զինվորականների ուղիղ տեսանելիության դաշտում են։ Չի բացառում, որ տեղի բնակչության վրա նույնպես կփորձեն ճնշում գործադրել, ինչպես Արցախում են անում։
«Էն որ Ղարաբաղ բարձրախոսը միացրել են, է՞, լավ հիշեք, մի օր էլ էստեղ էլ կլինի։ «Դուրս եկեք, թե չէ․․․»»,–ասում է մեկ այլ բնակչուհի։
Մենք այցելեցինք հին գյուղի մոտ տեղակայված գերեզմանատուն։ Մեզ չհաջողվեց լուսանկարել բուն դիրքերն ու բլրի հակառակ կողմում տեղակայված վրանները։
© Sputnik / David GalstyanՆերքին Հանդ գյուղի մոտ բլուրը, որի հետևում տեղակայվել են Ադրբեջանի զինված ուժերը
Ներքին Հանդ գյուղի մոտ բլուրը, որի հետևում տեղակայվել են Ադրբեջանի զինված ուժերը
© Sputnik / David Galstyan
Նշենք, որ մեր այցելության ժամանակ այնտեղ էին գտնվում մարզպետն ու ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։ Նրանք եկել էին իրավիճակին ծանոթանալու և տեղացիների հետ զրուցելու։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ջրամատակարարմանը վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ էլ Հայաստանի պաշտպանության փոխնախարարը հայտարարել էր, որ «Հայաստանի ինքնիշխան տարածք ոչ ոք չի ներթափանցել»: