Ճամպրուկով գումարներ էին տեղափոխում. Խաչատուրյանը հիշեց 90-ականների ֆինանսական համակարգը
12:25 10.03.2022 (Թարմացված է: 12:27 10.03.2022)
© Sputnik / Aram NersesyanՀՀ նախագահի թեկնածու, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան
ՀՀ նախագահի թեկնածու, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Իրավիճակի իրական վերլուծության համար, Խաչատուրյանի խոսքով, անհրաժեշտ է գնահատել ՌԴ–ի, Ուկրաինայի ներկա տնտեսական իրողությունները, նաև` Արևմուտքում կարատվող փոփոխություններն ու սահմանափակումները։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ռուս–ուկրաինական կոնֆլիկտի պատճառով աշխարհում ստեղծված տնտեսական իրավիճակը տնտեսագիտական ոչ մի չափանիշի մեջ չի տեղավորվում։ Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ նորընտիր նախագահ, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը։
«Սա ինձ հիշեցնում է 90–ականների սկիզբը, երբ ՀՀ ֆինանսական համակարգը նոր–նոր էր ձևավորվում, և ֆինանսական հոսքերն ապահովում էին ոչ թե էլեկտրոնային ժամանակակից միջոցներով, այլ հին, տրադիցիոն ձևով` ճամպրուկով գումարներ էին տեղափոխում»,– ասաց Խաչատուրյանը։
Նա նաև շեշտեց, որ թե՛ Հայաստանն ու թե՛ Ռուսաստանը վերջին տարիներին ամեն ինչ արել են, որ մեծացնեն անկանխիկ գործառնությունների ծավալը, սակայն կյանքը ցույց տվեց, որ ամենառեալ գործողը կանխիկ տարբերակն է։
«ՄինչևХ ժամանակ, որ կարող է տևել մինչև տարեվերջ, մենք դեռևս այս ճնշումներն ունենալու ենք»,– ասաց նա` հավելելով, որ ԿԲ–ն ամենօրյա ռեժիմով հետևում է միջազգային ֆինանսական շուկայի զարգացումներին, որպեսզի կարողանա կառավարելի դարձնել ՀՀ ֆինանսական համակարգը։
Սա, ըստ Խաչատուրյանի, ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի միայն մի դրվագն է` ֆինանսական հատվածը։
Ինչ վերաբերում է տնտեսության այլ ճյուղերին` առևտրին, արդյունաբերությանը, դրանց հնարավոր զարգացումներն այսօր, ըստ Խաչատուրյանի, գրեթե հնարավոր չէ կանխատեսել։
«Իրականում դրանք լրջագույն խնդիրներ են, անկանխատեսելի երևույթներ կարող են տեղի ունենալ, քանի որ անգամ լավագույն տնտեսագետը չէր կարող կանխատեսել, որ մեր ամենամեծ տնտեսական գործընկերը` ՌԴ–ը կարող է հայտնվել այսպիսի սահմանափակումների մեջ։ Դրանից բխող հետևանքները մենք միայն մասամբ կարող ենք կանխատեսել»,– ասաց նա։
Իրավիճակի իրական վերլուծության համար, նրա խոսքով, անհրաժեշտ է գնահատել ՌԴ–ի, Ուկրաինայի ներկա տնտեսական իրողությունները, նաև` Արևմուտքում կարատվող փոփոխություններն ու սահմանափակումները, որոնք, սակայն, օր օրի փոփոխվում են` գրեթե անհնար դարձնելով նման վերլուծություն կատարելու հնարավորությունը։