«Աղետի ենք հասնելու». արդյոք Եվրոպային և Չինաստանին պետք են հակառուսական պատժամիջոցները
© AP Photo / Mark SchiefelbeinՀաճախորդները Huawei -ի խանութի մոտ
Հաճախորդները Huawei -ի խանութի մոտ. Արխիվային լուսանկար
© AP Photo / Mark Schiefelbein
Բաժանորդագրվել
Նոր օր` նոր պատժամիջոցներ. Ռուսաստանի վրա աննախադեպ ճնշում էգործադրվում։ Եվ Վաշինգտոնը է՛լ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկելու կոչ է անում։ Սակայն Եվրոպայում պատրաստ չեն պտուտակները մինչև վերջ ձգել. դա կհարվածի ԵՄ–ի տնտեսությանը։
Դմիտրի Երմակով, ՌԻԱ Նովոստի
Չինաստանը, ընդհանուր առմամբ, չի պատրաստվում ընդհանուր շարասյան մեջ քայլել, ինչպես և Թուրքիան։ Այնուամենայնիվ Պեկինում վախենում են Արևմուտքի հակադարձումից և Ռուսաստանի հետ շատ զգուշորեն են գործակցում։
Փոքրամասնությունն է մնացել
Արդեն 5500 պատժամիջոց են սահմանել ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի ճանաչումից հետո` ավելի շատ, քան Իրանի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի դեմ։ Ընդ որում բոլորից ակտիվը կարծես թե չեզոք Շվեյցարիան է։
Վաշինգտոնն է պահանջում միասնական ճակատով հանդես գալ, պահանջում է անգամ նրանցից, ովքեր ՆԱՏՕ–ի կազմում չեն։ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը մարտի 8-ին հայտարարել է. «Մենք ճնշում ենք գործադրում յուրաքանչյուր երկրի վրա, որի հետ խոսում ենք, ոչ միայն նախագահի, պետքարտուղարի ու Պետդեպարտամենտի մակարդակով։ Այդ թվում՝ մինչ օրս պատժամիջոցներից ձեռնպահ մնացած պետությունների վրա»։
Սակայն առայժմ պատժամիջոցների խստացմանը նույնիսկ Եվրոպան չի ձգտում։ ԵՄ ընկերություններն ու ֆինանսական ինստիտուտները տասնամյակներ են ծախսել ռուսական շուկայի յուրացման վրա։ Խզումը մեծ կորուստներ է նշանակում։
ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի և Ճապոնիայի շատ կորպորացիաներ ասում են՝ ոչ թե հեռանում ենք, այլ ժամանակավոր դադարեցնում ենք գործունեությունը։ Այսպես, IKEA–ն ու McDonalds–ը առայժմ աշխատակիցներին (իսկ նրանց թիվը տասնյակ հազարների է հասնում) վճարովի արձակուրդի են ուղարկում։
Ոմանք առհասարակ ձեռնպահ են մնացել քաղաքական դեմարշներից, օրինակ՝ ճապոնական Uniqlo հագուստի բրենդը։ «Մեր ապրանքը կենսական անհրաժեշտություն է։ Ռուսաստանի ժողովուրդն ունի ապրելու նույն իրավունքը, ինչ և մենք»։ Բայց սա, ամեն դեպքում, հազվագյուտ բացառություն է ընդհանուր կանոնից։
«Եվրոպային բարդություններ են սպասվում»
Հումքը թանկանում է, և Վաշինգտոնի գործընկերները փորձում են խուսափել ծայրահեղություններից։ Սպիտակ տունն ու բրյուսելյան պաշտոնյաները կոչ են անում ամբողջությամբ հրաժարվել ռուսական ածխաջրածիններից, բայց ԵՄ-ն չի շտապում։
«Ֆրանսիան ռուսական գազից մեծ կախում չունի։ Սակայն եթե Մոսկվան դադարեցնի մատակարարումները, ապա Եվրոպային եկող ձմեռ մեծ բարդություններ են սպասվում»,–ընդգծել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել է, որ էներգառեսուրսները պատժամիջոցներից դուրս են։
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն նախազգուշացնում է. «Պետք չէ անվերահսկելի ռիսկեր հրահրել Եվրոպայում, դրա սահմաններից դուրս և Ուկրաինայում։ Պետք է շարունակել աշխատանքը ռուսական էներգետիկայի հետ»։ «Մեր նավթի ներմուծման մեկ երրորդը գալիս է Ռուսաստանից։ Եթե մենք դա միանգամից դադարեցնենք, վաղը ամբողջ տրանսպորտը կանգ կառնի», — նշել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը։
Հունգարիան, որը նախկինում էլ էր շեղվել Բրյուսելի գլխավոր գծից, նույնպես պատրաստ չէ էմբարգոյի։ «Էներգետիկ հատվածի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումն ամենամեծ սպառնալիքն է ֆորինտի (հունգարական դրամական միավոր – խմբ.) և հունգարացի ժողովրդի համար։ Նա, ով նման բան է խնդրում, ուզում է մեզ ստիպել վճարել այդ պատերազմի համար։ Հունգարիայի կառավարությունը նման քայլի չի աջակցի ոչ մի միջազգային համաժողովում», - վստահեցրել է ֆինանսների նախարար Միխայ Վարգան։
Սերբիան ԵՄ մտնելու թեկնածու է։ Բայց հակառուսական պատժամիջոցներին նախագահ Ալեքսանդր Վուչիչը չմիացավ, չնայած, ինչպես նա խոստովանեց, Արևմուտքը «աննախադեպ ճնշում է գործադրում»։
Եվրոպան չափազանց զգացմունքային որոշումներ է կայացնում, իսկ պատժամիջոցները պատմություն են այն մասին, թե ինչպես են կծողին կծում, նշել է Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանին: «Ռուսաստանին ծանր ժամանակներ են սպասվում, սակայն այն կվերականգնվի և որոշ ոլորտներում նույնիսկ կամրապնդվի։ Եթե մենք ավելի հեռուն գնանք և դադարեցնենք գազի ու նավթի մատակարարումը, ապա աղետի ենք հասնելու», –նախազգուշացրել է նա։ Եվ հիշեցրել՝ հումքը գնանշվում է դոլարով, իսկ եվրոն ամերիկյան արժույթի նկատմամբ թուլացել է։
Ի դեպ, Brent-ի գնանշումները մարտի 9-ին հասել են մեկ բարելի դիմաց 125,18 դոլարի՝ մեկ օրվա ընթացքում բարձրանալով գրեթե 15 կետով:
Սարսափելի ազդեցություն
Թուրքիան ոչ մի պատժամիջոց չի նախատեսում։ Ավելին, Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության մեջ խաղաղարարի դերում հանդես գալ: Ինչպես գրում է Milliyet պարբերականը, նա իրեն Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպման նախաձեռնողն է անվանել։ Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 10-ին` Անթալիայի համաժողովում:
Թուրքերն արագ–արագ կտրուկ թանկացած արևածաղկի ձեթն են գնում։ Այստեղ հիմնական մատակարարները Ռուսաստանն ու Ուկրաինան էին։
«Համաշխարհային շուկայում ռուսական նավթը փոխարինելը շատ դժվար է», - ընդգծել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Նրա կարծիքով՝ Արևմուտքի պատժամիջոցները «սարսափելի ազդեցություն կունենան» բոլորի վրա։
Ի դեպ, Անկարան արդեն իսկ շահել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև երկնքի փոխադարձ փակումից։ Գլխավոր ավիացիոն հանգույց դարձել է Ստամբուլը, իսկ թռիչքային սահմանափակումների հիմնական շահառուներից մեկը՝ Turkish Airlines ընկերությունը։
Ռուսաստանի բարեկամները
Չինաստանում դատապարտել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյանը մտահոգություն է հայտնել Արևմուտքի քաղաքականության կապակցությամբ. «Դա աղետալի հումանիտար հետևանքներով է հղի և վնաս է հասցնում մյուս երկրներին»:
Արտաքին գործերի նախարար Վան Իի խոսքով՝ Մոսկվայի հետ հարաբերությունները «երկկողմ հարաբերությունների շարքում ամենակարևորներից են»։ Մյուս կողմից` Պեկինը վախենում է ճնշումներից։ ԱՄՆ առևտրի նախագահ Ջինա Ռայմոնդոն արդեն սպառնացել է այդ ճնշումներով։
Չինաստանին բաժին է հասնում ռուսական արտաքին ապրանքաշրջանառության գրեթե 20 տոկոսը։ Այնուամենայնիվ, առաջին տհաճ ահազանգերն արդեն լսելի են։ Այսպես, ավտոմեքենաների վարձույթի հսկա DiDi Chuxing-ը հայտնել է երկրից հեռանալու մասին, թեեւ ավելի ուշ չեղյալ է հայտարարել այդ որոշումը: Bank of China–ն և Industrial & Commercial Bank of China (ICBC)–ի օֆշորային մասնաճյուղերը դադարել են հումքի ռուսաստանցի մատակարարողների հետ գործարքները վճարելու համար վարկեր տրամադրել, գրում է Bloomberg–ը։
Պեկինը ամերիկյան սահմանափակումները շրջանցելու բացասական փորձ արդեն ունեցել է։ Իրանի հետ համագործակցության համար Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել Huawei Technologies Co-ի և ZTE-ի դեմ: Իսկ Huawei-ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին նույնիսկ տնային կալանքի էին ենթարկել Վանկուվերում։
«Չինաստանը կիսում է Ռուսաստանի հակակրանքը միջազգային համակարգի նկատմամբ, որը ղեկավարում է ԱՄՆ-ն։ Բայց արևմտյան պատժամիջոցների պայմաններում Պեկինի նյութական օգնությունը նվազագույն կլինի»,–South China Morning Post–ին ասել են Յանմեյ Սեն և Դան Վանը Gavekal Dragonomics վերլուծական ընկերությունից։
«Չինաստանի համար վաճառքի գլխավոր շուկան ԱՄՆ–ն ու Եվրոպան են»,- բացատրում է քաղտեխնոլոգ Կոնստանտին Կալաչովը։ «Պեկինը չի պատրաստվում ռիսկի դիմել, այնտեղ հաշվելու են փողը։ Սի Ցզինպինն ասում էր, որ ցանկանում է շեշտը դնել ոչ թե արտաքին շուկաների, այլ ներքին սպառման վրա: Բայց առայժմ դա լիովին հնարավոր չէ, այդ պատճառով էլ Չինաստանը շատ զգուշորեն է գործում»,- դատում է փորձագետը։ Պեկինը հաստատ չի նետվելու Ռուսաստանին փրկելու։
Միևնույն ժամանակ Էրդողանին որոշակի արտոնություններ են հարկավոր Կովկասում և Մերձսևծովյան տարածաշրջանում, առնվազն` ազդեցության ոլորտի ուժեղացում։
«Իրականում Թուրքիան երբեք Ռուսաստանի դաշնակիցը չի եղել, – հիշեցնում է Կալաչովը,–Անկարային պետք են ռուս զբոսաշրջիկների, անշարժ գույքի գնորդների փողերը, ինչպես նաև նավթն ու գազը։ Եվ արմեիկացիներին էլ այնտեղ այնքան էլ չեն սիրում։ Էրդողանը կարծում է, որ հենց Վաշինգտոնն է կանգնած 2016-ի հեղաշրջման փորձի հետևում։
«Գործունեության կասեցման կամ երկրից հեռանալու մասին եվրոպական և ամերիկյան ընկերությունների հայտարարությունները միայն ժեստեր են, որոնք ցույց են տալիս հավատարմությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կուրսին։ Իրականում ոչ ոք չի պատրաստվում կորցնել եկամուտները»,–ասում է տնտեսագետ Լեոնիդ Խազանովը։
Եվ թվեր է ներկայացնում. օրինակ՝ 2020-ին McDonald ' s–ի եկամուտը 19,2 մլրդ դոլար է եղել, որից գրեթե մեկուկես միլիարդը՝ Ռուսաստանում։ Հազիվ թե McDonald 's–ցանկանա բաժանվել այդպիսի գումարից։ Ճիշտ այնպես, ինչպես և մյուս կորպորացիաները։