Նա Վիլյամ Սարոյանն է երաժշտության մեջ․ ինչպես էր ամերիկահայ Ալան Հովհաննեսը սրտեր գրավում
Ալեն Հովհաննեսը` աջից
Բաժանորդագրվել
Ժամանակակից Հայաստանում քչերն են ծանոթ Ալան Հովհաննեսի ստեղծագործությանը, մինչդեռ նա մոտ 500 գործ է թողել մարդկությանը, իսկ Լու Հարիսոնը նրան անվանել է 20-րդ դարի մեծագույն մեղեդաստեղծներից մեկը։ Ալան Հովհաննեսը ծնվել է ուղիղ 111 տարի առաջ` մարտի 8-ին։
Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Ալան Հովհաննեսի (Չաքմաքչյան) երաժշտությունը Արևելքի և Արևմուտքի երաժշտական ավանդույթների յուրօրինակ խառնուրդ էր, որը գրավում էր մաքրությամբ ու ինքնատիպությամբ։
«․․․Նրա հուզիչ, ծորուն երաժշտությունը փայլուն է գրված և բացառիկ է իր ոճով։ Այն արխայիկ ոգու ժամանակակից զարգացումն է, որն առհասարակ ոչ մի ուրիշ երաժշտություն չի հիշեցնում»,- Ալան Հովհաննեսի ստեղծագործությունը այսպես է բնութագրել ամերիկացի ականավոր կոմպոզիտոր Հենրի Քաուելը 1951 թվականի հուլիսին «Musical Quarterly»-ում տպագրված հոդվածում։
Հայկական և շոտլանդական արյան խառնուրդը
Կոմպոզիտորի հայրը՝ Հարություն Հովհաննես Չաքմաչյանը, Միացյալ Նահանգներ էր տեղափոխվել Ադանայից։ Հարվարդի համալսարանն ավարտելուց հետո նա քիմիա էր դասավանդում, միաժամանակ հայալեզու «Հայրենիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն էր, մի շարք գրքերի, այդ թվում՝ հայ-անգլերեն առաջին բառարաններից մեկի հեղինակը։
Բազմակողմանի կրթված լինելով` նա ձգտում էր որդուն ևս հաղորդակից դարձնել հայոց լեզվին, պատմությանն ու մշակութային ավանդույթներին` նրա հետ լսելով Կոմիտասի երգերը, Արմենակ Շահմուրադյանի ձայնագրությունները։ Իսկ մայրը՝ շոտլանդուհի Մադլեն Սքոթը, երգեհոն էր նվագում։
Չորս տարեկանից Ալանը սկսում է դաշնամուր նվագել և երաժշտություն հորինել, վաղ տարիքում կարդալ-գրել է սովորում և տարվում աստղագիտությամբ։ 14 տարեկանում գրում է իր առաջին օպերաները՝ «Lotus Blossom»– ը և «Bluebeard and Daniel»-ը։
«Սարոյանը՝ երաժշտության մեջ»
Դեռ երեխա հասակից նա սկսում է խորհել տիեզերքի ու բնության մասին։ Ալանին հատկապես գրավում են լեռները, որոնց հանդեպ սերն ու ձգտումը արտացոլված են նրա «Արարատ», «Խորհրդավոր լեռը», «Սառը լեռը», «Հավայան կղզիների լեռները», «Ճապոնական լեռնաշղթա» և այլ ստեղծագործություններում։
Ալան Հովհաննեսն անդրադառնում էր Արևելքի գրեթե բոլոր երկրների երաժշտական ավանդույթներին՝ Հայաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Կորեա․․․ տարբեր ժողովուրդների երաժշտական մշակույթը, նրանց կատարման ավանդույթներն ու երաժշտական գործիքներն ուսումնասիրելու համար նա շատ էր ճամփորդում Արևելքի երկրներում։
Կոմպոզիտորը կատարյալ էր համարում հայկական հոգևոր երաժշտությունը, հարավային Հնդկաստանի դասական երաժշտությունը, չինական գործիքային երաժշտությունը, կորեական Ահ-Յակը, ճապոնական Գագակուն։ Միաժամանակ նա բարձր է գնահատում Հենդելի և Մենդելսոյի օպերաները, Սիբելիուսի սիմֆոնիաները։
Նրա որոշ ստեղծագործություններ, ինչպիսիք են «Խորհրդավոր լեռը», «Արծաթե ուխտագնացությունը», «Խորհրդավոր սրինգը», արևելյան միստիցիզմի հետ հաղորդակցվելու արդյունք են։ Նա հենց այնպես չէր վաստակել իր ժամանակի ամենահայտնի միստիկ–կոմպոզիտորի համբավը։
Իր հայկական ռապսոդիաներում և ժողովրդական երգերի մշակումներում կոմպոզիտորը մոտ է Կոմիտասի ստեղծագործական սկզբունքներին։ Մյուս ստեղծագործություններում, ինչպիսիք են «Արևագալը», «Ախթամարը», «Վանա լճի սոնատը» և այլն, նա մոտենում է հայ աշուղների ոճին։
«Ալան Հովհաննեսի երաժշտությունը հեղաշրջման սերմեր է ցանում երաժշտական աշխարհում․․․ նա Վիլյամ Սարոյանն է երաժշտության մեջ»,-գրում էին 40-50-ականների ամերիկյան մամուլում։
1987թ․-ին «The Boston Globe»-ի երաժշտական քննադատ Ռիչարդ Բուլն այսպես է բնութագրել Հովհաննեսի երաժշտությունը․ «Թեև ընդունված է նրան «հայ» կոմպոզիտոր համարել, բայց նրա ստեղծագործությունը շատ մշակույթների երաժշտություններ է միաձուլում։ Նրա ստեղծագործության մեջ ամենաամերիկյանն այն եղանակն է, որով նա այդ մասնատված տարրերը յուրատեսակ էկզոտիկայի է վերածում։ Նրա երաժշտություն տրամադրությունը խաղաղ է, երկյուղած, միստիկայի և կարոտախտի երանգով»։
Հայաստանյան այցը
1965 թվականին ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող պատվիրակության կազմում կոմպոզիտորն այցելեց Հայաստան, ինչպես նաև Վրաստան։
Պատմական հայրենիքում գտնվելու ընթացքում նա հայկական պատարագային երաժշտության` իրեն պատկանող ձեռագրերը նվիրեց Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանին։
Բոլոր ժամանակների արվեստագետը
Ալան Հովհաննեսը մահացավ 2000 թվականին 89 տարեկան հասակում։ Իր երկար կյանքի ընթացքում կոմպոզիտորը վեց անգամ ամուսնացավ։ Եվ նրա բոլոր այլազգի կանայք արվեստի գործիչներ էին՝ նկարչուհի, պարուհի, դաշնակահարուհի, երգչուհի․․․
Վեցերորդ կնոջ՝ երգչուհի և դերասանուհի Հինակո Ֆուձիհարայի հետ նա ապրեց 23 տարի՝ մինչև մահ։ Իր մի շարք ստեղծագործություններ կոմպոզիտորը նրան նվիրեց։ Ամուսինները միասին հիմնադրեցին «Fujihara Records» ձայնագրությունների ստուդիան, որը զբաղվում էր Հովհաննեսի ստեղծագործությունների առաջխաղացմամբ։ Այժմ այն գլխավորում է կոմպոզիտորի դուստրը (առաջին ամուսնությունից)՝ կլավեսինահարուհի Ջին Նեդին։
Ալան Հովհաննեսը ճանաչվել է 20-րդ դարի ամենաբեղմնավոր կոմպոզիտորը։ Իսկ 1970-ականներին ընտրվել է Ամերիկայի արվեստի և գրականության ակադեմիայի անդամ։
«Իմ նպատակն էր երաժշտություն ստեղծել ոչ թե սնոբերի, այլ բոլոր մարդկանց համար՝ գեղեցիկ և առողջ երաժշտություն․․․ ձգտել հոգևոր ռեզոնանս գտնել մեղեդու և ձայնի հետ»,-ասում էր կոմպոզիտորը։
1991 թվականին՝ Հովհաննեսի 80-ամյա հոբելյանին, ամերիկացի կոմպոզիտորների նվագախումբը Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու հետ համատեղ Նյու Յորքի Քարնեգի հոլում կազմակերպեց գալա համերգ, որի ժամանակ հենց հոբելյարի ղեկավարությամբ հնչեց նրա 65-րդ սիմֆոնիան՝ «Արցախը»։
«Ես ուզում եմ պատկանել բոլոր դարերին և բոլոր ժամանակներին... արտիստը կարող է դուրս գալ իր ժամանակից և հայտնվել ապագայում»,-կարծում էր կոմպոզիտորը։
© Photo : Daderot / Public domain / Alan Hovhaness memorial, ArlingtonMAԱլան Հովհաննեսի հիշատակին նվիրված հուշատախտակ
Ալան Հովհաննեսի հիշատակին նվիրված հուշատախտակ