Գրախանութներում «ասեղ գցելու տեղ չկա». մարդիկ հերթ են կանգնում գիրք գնելու համար
09:27 19.02.2022 (Թարմացված է: 16:33 19.02.2022)
© Sputnik / Aram NersesyanԳրախանութ. արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։ Գրող Վարդան Սմբատյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է վերջին 2 տարում ամենամեծ գրախանութների ցանցերից մեկում աշխատելու փորձի մասին։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի ֊ Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Հայ հասարակությունը ավելի ընթերցասեր է դառնում։ Հատկապես ոգևորող է, որ երիտասարդներն են գրքասեր դարձել, ու ոչ միայն աղջիկները, այլ նաև տղաները...
© Photo : Anush Babajanyan / provided by Vardan SmbatyanՎարդան Սմբատյան
Վարդան Սմբատյան
© Photo : Anush Babajanyan / provided by Vardan Smbatyan
Գրող Վարդան Սմբատյանը հաճույքով է խոսում իր կյանքի անբաժան մասը դարձած խորհրդատու–վաճառողի մասնագիտությունից։ Ասում է` ընթերցանության աննախադեպ աճ կա։ Դա են վկայում Երևանի սրտում գտնվող գրախանութի հազարավոր հաճախորդները։
«Իհարկե միջին սերունդն էլ, տարեցներն էլ շատ են կարդում, բայց գրախանութ մտնողների գերակշիռ մասը երիտասարդներն են։ Կարդում են հոգեբանական, բիզնես գրականությունից մինչև ռազմահայրենասիրական ժանրի գրքեր։ Աննախադեպ շատ են գնում հատկապես Նժդեհ»,–պատմում է Վարդանը։
Ասում է`գիրք ընտրելիս մարդիկ հիմնականում առաջնորդվում են իրենց ընկերների կարծիքներով, մեծ դեր ունեն նաև համացանցն ու որոշ հեռուստաալիքներ։ Այդ է պատճառը, որ շատ կարևոր է, որպեսզի հանրահռչակվի որակյալ գրականությունը։
«Երբեմն մարդիկ ընտանիքներով են գալիս գիրք գնելու ու գիրք են ընտրում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Շատ են նաև զբոսաշրջիկները,սփյուռքահայերը, որոնք գրախանութ են մտնում «ցուցակով» ու միանգամից մի քանի գիրք գնում»,–ասում է նա։
Վարդանի խոսքով`գիրք խորհուրդ տալը բավականին պատասխանատու գործ է։ Միգուցե մարդը գիրքը չհավանի ու հիասթափվի գրախանութից էլ, գրքավաճառից էլ։
«Երբ խորհուրդ են հարցնում, թե ինչ գնեն, ես միանշանակ տալիս եմ իմ հարցերը, հետաքրքրվում նրանց նախասիրություններից, կարդացած գրքերից, մասնագիտությունից։ Հետո հետ են գալիս ու ժպիտով շնորհակալություն հայտնում»,–ասում է գրողը։
Նա մի տարօրինակ տենդենց էլ է նկատում. ոչ բոլորն են գիրք գնում կարդալու համար։
Երբեմն մարդիկ գիրքը գնում են, օրինակ, նկարելու ու սոցցանցերում հրապարակելու համար, այսինքն այստեղ կարևոր է ցույց տալը, թե իրենք ընթերցասեր են։
«Հիմա վստահ կարող եմ ասել, որ գիրք գնելը դեռ ընթերցասեր լինելու չափանիշ չէ, քանի որ շատերը նվիրում են, կամ գնում են ու չեն կարդում։ Ինքս էլ շատ գրքեր եմ տալիս իմ գրադարանից, որ ծանոթներս կարդան, բայց լինում է` 3-4 ամիս հետո գիրքը վերադարձնում են ու հասկանում եմ, որ այդպես էլ չեն կարդացել։ Գիրքը չպետք է դառնա ուղղակի խելացի, ինտելեկտուալ երևալու միջոց։ Այն միանշանակ ավելին արժե»,–ասում է Վարդանը։
Այս համատեքստում գրողը նկատում է, որ ընթերցանության պրոգրես իհարկե կա, բայց դեռ շատ տեղ ունենք աճելու որպես ընթերցող։
Ի՞նչ գրքեր են հիմնականում գնում
Հայաստանում շատ են գնում հոգեբանական, մոտիվացիոն, բիզնեսի մասին գրականություն։ Նախապատվությունը տալիս են հատկապես կանադացի գրող Ռոբին Շարմային։ Շատ են գնում նաև ամերիկացի գրող Ջոն Ստրելեքի «Սրճարան աշխարհի եզրին» գիրքը։
Գեղարվեստական գրականություն էլ են շատ կարդում, հատկապես ժամանակակից հայ հեղինակների գործերը։ Գրող–գրքավաճառը թվարկում է այն հեղինակներին, որոնց գործերն ամենաշատն են վաճառվում իրենց գրախանութում.
Հովիկ Աֆյան («Կարմիր» վեպը)
Գոհար Նավասարդյան («Ինձ պիոններ չնվիրես» վեպը)
Աննա Դավթյան («Խաննա« վեպը)
Սյունե Սևադա
Արամ Պաչյան
Նարինե Աբգարյան («Սիմոն» վեպը , «Երկնքից երեք խնձոր ընկավ»)
Լևոն Խեչոյան («Սև գիրք, ծանր բզեզ» վեպը)։
Հիանալի վաճառվում են նաև Վիլյամ Սարոյանի գրքերը, հատկապես «Հայրիկ, դու խենթ ես», «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», «Անունս Արամ է», «Իմ անուշ փոքրիկ» պատմվածքների ժողովածուն։ Պակաս չեն վաճառվում նաև Եղիշե Չարենցի, Հրանտ Մաթևոսյանի գրքերը։
Արտասահմանյան գրականություն սիրողների պակաս էլ չկա։ Շատ են գնում ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» նովելը, Ջերոմ Դեյվիդ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպը, թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը։
Շատ մոդայիկ են դարձել կոլումբիացի մեծագույն գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» , «100 տարվա մենություն» վեպերը։ Ժամանակին շատ էին վաճառվում ամերիկացի գրող Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը», «Գայթակղելու նուրբ արվեստը»։
Հայաստանում մեծ պահանջ կա նաև արգելված գրականության հանդեպ։ Շատ է վաճառվում հատկապես Ջորջ Օրուելի այլաբանական «Անասնաֆերմա» վիպակը, «1984» վեպը, ֆրանսիացի գրող Գաբրիել Վիտկոպի «Դիասերը։ Ս.-ի մահը» վիպակները։
Հետաքրքրություն կա նաև իսրայելցի գրող Ամոս Օզի վեպերի հանդեպ, հատկապես «Հուդայի»։ Ըստ Վարդանի` այն դավաճանության մասին ամենահետաքրքիր վեպերից մեկն է, որի գլխավոր մեսիջն այն է, որ եթե չլիներ դավաճանությունը, չէր լինի նաև փրկությունը։
Անչափ հետաքրքիր հեղինակներ են, ըստ Վարդան Սմբատյանի, նաև իտալացի արձակագիր Իտալո Կալվինոն (հատկապես «Երկատված վիկոնտը» վեպը), հույն գրող Նիկոս Կազանձակիսին իր «Հույն Զոռբան» վեպով և գվատեմալացի գրող Միգել Անխել Աստուրիասին իր «Պարոն նախագահ» վեպով, որը բռնապետական համակարգի մասին է։ Այս գրողը ժամանակին անգամ Մարկեսին է ոգեշնչել։
Գրող–գրքավաճառն ասում է, որ շատ է վաճառվում նաև մանկական գրականություն։ Գնում են հատկապես Հանս Քրիստիան Անդերսենի ու Հովհաննես Թումանյանի հեքիաթները։ Լևոն Նեսի «Բալզակ. մի շան պատմություն» վիպակը, Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» արկածային վեպը, Կորնելիա Ֆունկեի, Գիլերմո Դել Տորո Ֆավնի «Լաբիրինթոս» հեքիաթները։ Վարդանի խոսքով`ժամանակին շատ էր վաճառվում հադրութցի Ժասմին Հայրապետյանի «Սուպեր Նռանե» գրքերը։
Խնդիրների մասին
Հայաստանում ընթերցանության զարգացմանը խանգարող գործոններից ամենամեծն այն է, որ հայերեն հրատարակված գրքերը շատ թանկ են։ Հրատարակություններ կան, որ շատ թանկ են սահմանում գրքերի գները ու մարդիկ բողոքում են, որ երբեմն անգամ մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող իրենց թույլ տալ միանգամից 2-3 գիրք գնել։
Օրինակ, եթե ռուսական գրականության նմուշները միջինում կարելի է ձեռք բերել 2,500 դրամով, ապա հայերեն գրքերի արժեքը միջինը կազմում է 6000 դրամ։ Օրինակ, իտալացի գրող Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպն արժե 10,000 դրամ։
«Սա խնդիր է, որի շուրջ մեր հրատարակիչները պետք է մտածեն»,–ասում է Վարդանը։
Գրողի կարծիքով `մյուս խնդիրն այն է, որ Հայաստանում ունենք տաղանդավոր ժամանակակից գրողներ, որոնց մարդիկ չեն ճանաչում, քանի որ նրանք իրենց չեն կարող թույլ տալ գովազդի վրա գումար ծախսել ու այդ մարդիկ մնում են ստվերում, նրանց մասին ոչ մեկը չի խոսում։
«Օրինակ, հայ արձակագիր Սուսաննա Հարությունյանն ուղղակի հրաշալի է գրում։ Նա ինձ համար մեծ բացահայտում էր ու ցավում եմ, որ նրա նման գրողներին ընթերցողը չի ճանաչում»,–ասում է Վարդանը։
Մյուս խնդիրը ոչ պրոֆեսիոնալ թարգմանիչներն են, որոնք ֆանտաստիկ գիրքը կարող են դարձնել ոչինչ։
«Թարգմանությունները միշտ չէ, որ պրոֆեսիոնալ են կատարվում և ընթերցողին հասցնում հեղինակի միտքը։ Շատ հաճախ վատ թարգմանիչը կարող է լիովին փչացնել լավ գործը։ Պետք է մարդիկ ճանաչեն լավ թարգմանիչներին։ Երբեմն նույն գիրքը կարելի է կարդալ երկու տարբեր թարգմանություններով և մի դեպքում սիրահարվել գործին, մյուս դեպքում`հիասթափվել ու անգամ չվերջացնել։ Ինձ համար հրաշալի թարգմանիչներ են Կառա Չոբանյանը, որը հրաշալի թարգմանում է իսպաներենից հայերեն, Մարգարետ Ասլանյանը՝ անգլերենից հայերեն, Զավենը Բոյաջյանը, Սարգիս Դավթյանը և շատ ուրիշներ»,–ասում է Վարդանը։
Մեր զրույցից հետո գրողը շտապում է աշխատանքի, որովհետև հատկապես «Գիրք նվիրելու օրը» գրախանութում «ասեղ գցելու տեղ չկա», մարդիկ հերթ են կանգնում գիրք գնելու համար։
© Photo : Anush Babajanyan / provided by Vardan SmbatyanՎարդան Սմբատյան
Վարդան Սմբատյան
© Photo : Anush Babajanyan / provided by Vardan Smbatyan