Իրենք սարի գլխին են, մենք` սարի տակ. ինչ են պատմում Իշխանասարի բնակիչները
12:00 17.11.2021 (Թարմացված է: 15:12 17.11.2021)
© Sputnik / Aram NersesyanԻշխանասարի բնակիչներ
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այս պահին Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Իշխանասար գյուղում է։ Գյուղից 5 կմ վերև` սարի վրա, ադրբեջանցիներն են։ Իշխանասարցիները Sputnik Արմենիայի թղթակցին պատմել են, թե ինչ են զգացել Ադրբեջանի երեկվա հարձակման հետևանքով։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի բնակիչները լարված գիշեր են անցկացրել։ Անհանգստությունից ամբողջ գիշեր չեն կարողացել քնել։
© Sputnik / Aram NersesyanԻշխանասարի բնակիչներ
Իշխանասարի բնակիչներ
© Sputnik / Aram Nersesyan
Չնայած դրան, գյուղում բացված նոր առավոտը խաղաղ է եղել, երեխաները դպրոց են գնացել, մեծերն անցել իրենց առօրյա գործերին։
Այս մասին Sputnik Արմենիայի նկարահանող խմբին պատմեցին վաղ առավոտից գյուղի փոքրիկ խանութ այցելած կանայք։
«Երեկ որ այդքան բանը տեսել ենք, շատ վտանգավոր է մեզ համար։ Կրակոցների ձայնից ոտքերիս տակ դղրդում էր»,– պատմեց Գոհար անունով ներկայացած կինը` հավելելով, որ նախօրեին ապրած սարսափի զգացողությունը դեռ չի վերացել։
Նրա խոսքով` կրակոցները գյուղում լսելի են եղել երեկ ցերեկը շուրջ 6 ժամ` ժամը 14-ից 18։30– ն ընկած ժամանակահատվածում։
«18։30-ից հետո հանգիստ է եղել»,– ասաց նա։
© Sputnik / Aram NersesyanԻշխանասարի բնակիչներ
Իշխանասարի բնակիչներ
© Sputnik / Aram Nersesyan
Այդուհանդերձ, չնայած լարված ու վտանգավոր իրավիճակին, Իշխանասարից ոչ ոք չի հեռացել, անգամ երեխաներին չեն տարհանել, չնայած, որ ս.թ. մայիսի 12-ից սկսած ապրում են, իրենց ձևակերպմամբ` թշնամու ուղիղ թիրախում։
«Իրենք սարի գլխին են, մենք` սարի տակ։ Այնտեղից գյուղը պարզ երևում է։ Ընդամենը 5 կմ են վերև մեզանից։ 4 կողմից շրջապատված ենք։ 30 տարի այստեղ ենք, սենց բան չենք տեսել»,– ասաց մեր մյուս զրուցակիցը` տիկին Հայկուհին։
Կանայք նաև հայտնեցին, որ կրակոցներից որոշ ժամանակ առաջ գյուղում նաև ԱԹՍ–ի ձայն են լսել։
© Sputnik / Aram NersesyanԻշխանասար
Իշխանասար
© Sputnik / Aram Nersesyan
«Ղարաբաղից փախան, եկան այստեղ, բա մենք ո՞ւր գնանք։ Իմ աղջիկը Ղարաբաղում էր բնակվում 5 երեխաների հետ։ Եկել է այստեղ։ Մենք գնալու տեղ չունենք։ Սաղ կյանքներս աշխատել ենք, տուն ստեղծել։ Այսքան անասունն ո՞ւր թողնենք– գնանք։ Ո՞ւր փախչենք։ Ո՞ւմ տուն գնանք»,– ասաց նա։
Գյուղի արոտավայրերն ու խոտհարքները դեռ 2021թ–ի մայիսի 12-ին ադրբեջանցիների` ՀՀ տարածք ներխուժման հետևանքով մնացել են հակառակորդի վերահսկողության տակ։ Կանայք պատմում են, որ այս տարի նույնիսկ բանջար հավաքելու չեն գնացել։
«Ռուսական զորքը թույլ չի տվել, ասում են` 5 կմ է թուրքը հեռու ձեզանից»,– ասում է տիկին Հայկուհին։
© Sputnik / Aram NersesyanԻշխանասարի բնակիչ
Իշխանասարի բնակիչ
© Sputnik / Aram Nersesyan
Թե ինչ նպատակ են հետապնդում հակառակորդի վերջին օրերի սադրիչ ռազմական գործողությունները, գյուղում բոլորը հասկանում են ու մեկ մարդու պես պնդում` «ճանապարհ են ուզում դեպի Նախիջևան»։
© Sputnik / Aram NersesyanԻշխանասարի բնակիչներ
Իշխանասարի բնակիչներ
© Sputnik / Aram Nersesyan
Թե ինչ է սպասվում գյուղին ու ինչով են ավարտվելու թշնամու նախաձեռնած հերթական գործողությունները, իշխանասարցիները դժվարանում են կանխատեսել։ Ապրում են խաղաղության հույսով ու թշնամու նոր հարձակման ամենօրյա վախի գիտակցումով։
© Sputnik / Aram NersesyanԻշխանասարի մուտքի ցուցանակը
Իշխանասարի մուտքի ցուցանակը
© Sputnik / Aram Nersesyan
Իշխանասարը Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի գյուղերից է, Սիսիան քաղաքից 8 կմ է հեռու։ Գտնվում է Իշխանասար լեռան ստորոտին։ Այս լեռան գագաթին է գտնվում Սև լիճը, որը 2021թ–ի մայիսի 12-ից պաշարված է ադրբեջանական ԶՈւ–ի կողմից։
Իշխանասարը հին հայկական բնակավայր է։ Այդ են վկայում գյուղի շրջակայքում գտնվող «Ղարայի ժայռ», «Քյալափա-Քյարավեկ», «Սյունի բերդ» ամրոցների ավերակներն ու միջնադարյան քրիստոնեական գերեզմանոցները:
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։