Հակառակորդին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է 6 միավոր զրահատեխնիկա. Փաշինյան
20:38 16.11.2021 (Թարմացված է: 20:48 16.11.2021)
© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ (15 նոյեմբերի, 2021թ.). Երևան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ (15 նոյեմբերի, 2021թ.). Երևան
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշեց` հայկական կողմը նույնպես զոհեր ունի, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա։ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ժամը 13:00-ի շրջանում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել ՀՀ արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Հայաստանի ԶՈւ–ն հակառակորդին հակազդելու գործողություններ է գործադրել։ Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնեն ճշգրտված տեղեկություններ»,–ասաց Փաշինյանը։
Դրանից հետո նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված տղաների հիշատակը։
© Photo : official site of the Prime minister of RAՀՀ անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մասնակիցները ,եկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը
ՀՀ անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մասնակիցները ,եկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը
Փաշինյանի խոսքով` այս ամենին կարող է տրվել միայն մեկ գնահատական` սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կմ ինքնիշխան տարածքը։
«Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Իմ գնահատականը միանշանակ է` Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, անկախությունը և պետականությունը։ Մենք ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաև ցույց ենք տվել, որ մենք կանք, պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է և թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով»,–ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։