Արցախին՝ ամենալավը․ Ստեփանակերտում Անանիա Շիրակացու ճեմարան կբացվի․ բացառիկ մանրամասներ
© Sputnik / Janna PoghosyanԱնանիա Շիրակացու ճեմարան
Անանիա Շիրակացու ճեմարան
© Sputnik / Janna Poghosyan
Բաժանորդագրվել
Արցախի կառավարության նախաձեռնությամբ մայրաքաղաք Ստեփանակերտում մյուս տարվա սեպտեմբերից կգործի Հայաստանի լավագույն դպրոցներից մեկը՝ ուրույն կրթական ծրագրով և լիովին անվճար։
Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա
Շատերս դեռ ուշքի չենք եկել մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմից, նույնիսկ եթե հարազատ կամ տուն չենք կորցրել։ Հետևաբար բավականին ուշագրավ է, թե ինչպես է ուշքի գալիս, ամրանում ու բուժվում Արցախը։
Ստեփանակերտում բացվում են նոր կենտրոններ, կորցրած բնակավայրերից այստեղ են տեղափոխվում սրճարաններ և դպրոցներ (մարզական հրապարակ, «Եզնիկ Մոզյան» ուսումնարան, «Բաժակ» սրճարան և այլն), կառուցվում են նոր թաղամասեր, ստեղծվում նոր աշխատատեղեր։ Ստեփանակերտի վերականգնման և ամրացման հաջորդ հիմնաքարերից մեկն էլ լինելու է այստեղ Երևանում 31 տարի գործող Անանիա Շիրակացու ճեմարանի բացումը։
Գաղափարի հետևում կանգնած է Արցախի վարչապետ/պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Նա շատ ավելի հաճախ էր հայտնվում մամուլի էջերում պատերազմի օրերին, երբ Արցախի մարդու իրավունքների պաշտպանն էր, և մեկ անգամ չէ, որ հանրությունը տեսել է նրա ակնհայտ հիասթափությունը միջազգային կառույցների անգործությունից։
Պատերազմի ավարտից հետո՝ 2020-ի դեկտեմբերին նշանակվելով պետնախարար՝ Բեգլարյանը սկսել է աշխատել առանց կոչերի ու հայտարարությունների և, կառավարության այլ անդամների հետ լծվելով բարդ աշխատանքին, ամեն գնով փորձում է շենացնել Արցախը։
© Photo : Anania Shirakatsi LyceumԱրտակ Բեգլարյան
Արտակ Բեգլարյան
© Photo : Anania Shirakatsi Lyceum
Անանիա Շիրակացու ճեմարանը Հայաստանում միակ կրթական հաստատությունն է, որ հեղինակային ծրագրի հենքի վրա իրականացնում է Միջազգային բակալավրիատի հանրակրթական երեք ծրագրերը (սաներն առանց հավելյալ քննությունների կարող են ընդունվել միջազգային բուհեր): Ճեմարանը 3 տարեկանից մինչև 18 տարեկան երեխաների համար չորս մակարդակով կրթություն է ապահովում (մանկակրթարան, կրտսեր, միջին, ավագ դպրոցներ)։ Այստեղ մեկ տարվա վարձավճարը մեկ երեխայի համար 1,4 մլնից 2,4 մլն դրամ է, թեև ճեմարանում գործում է պետական համաֆինասավորում ուսումնական բարձր առաջադիմություն ունեցող սովորողների համար։ Այս տարի դպրոցում 1260 աշակերտ է սովորում։
Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը (որը հիմնադրել է ճեմարանը 1990-ին և տնօրինում է մինչ օրս) Sputnik Արմենիային ասում է՝ Երևանում երկար տարիներ տարբեր դժվարություններ հաղթահարելուց հետո 2010-ից Գյումրիում ճեմարան բացելու մտադրություն ուներ.
«Մենք ասում էինք Շիրակի իշխանություններին՝ եթե մեզ միայն մի դպրոց տրամադրեք՝ պայմանագրով, թույլ տաք, որ մենք ընտրենք տնօրենին, ուսոցիչներին, վերապատրաստենք մասնագետներին, մեր ուսումնական ծրագրով իրականացնենք կրթությունը, դա կլինի Շիրակի ամենաուժեղ դպրոցներից մեկը։ Չստացվեց։ Մտքումս կար նաև Արցախում ճեմարան բացելը, բայց համեմատած Արցախի՝ Շիրակն ավելի կիսաքանդ վիճակում էր։ Պարոն Բեգլարյանի հետ հանդիպմանը ասացի՝ ձեր միտքը Ստեփանակերտում Շիրակացի բացելու «կարմայի» արդյունք է, միտք, որ մենք վաղուց ենք ունեցել, բայց չենք իրականացրել»։
© Photo : Anania Shirakatsi LyceumԱնանիա Շիրակացու ճեմարանի պատվիրակությունը Արցախում
Անանիա Շիրակացու ճեմարանի պատվիրակությունը Արցախում
© Photo : Anania Shirakatsi Lyceum
44-օրյա պատերազմի երկրորդ օրվանից ճեմարանի հանրակացարանը Երևանում հյուրընկալել է տեղահանված ընտանիքների՝ զուգահեռաբար վերանորոգելով ու ընդլայնելով սենյակները։ Ճեմարանը նույն օրերին առանց ընդունելության փուլերն անցնելու ու վարձավճարի 81 արցախցի երեխայի է ընդունել ուսումնառության:
2020-ի նոյեմբերի կեսին Երևան եկավ Արցախի կրթության նախարար Լուսինե Ղարախանյանը, այցելեց նաև Շիրակացի, հետևեց արցախցի երեխաների ուսումնական պրոցեսին։ Հասան համաձայնության, որ հաջորդ տարվանից Արցախի երեխաների շրջանում մրցույթ կանցկացվի ճեմարանի ավագ դպրոցում սովորելու համար։ 2021-ի օգոստոսին Շիրակացու ճեմարանի պատվիրակությունը գնաց Ստեփանակերտ՝ Արցախի երեխաների ուսման պայմանագրերը կնքելու։ Այդ այցի ժամանակ նրանք հանդիպեցին պետնախարար Արտակ Բեգլարյանին, որը առաջարկեց ճեմարան բացել Ստեփանակերտում` ասելով, որ Արցախում պետք է լինի աշխարհի լավագույն կրթական համակարգը։
Բեգլարյանը նշեց, որ ճեմարանի բացման բոլոր ծախսերն իր վրա կվերցնի Արցախի կառավարությունը, ուսումն էլ արցախցի երեխաների համար կլինի անվճար։
Ստեփանակերտի Շիրակացու ճեմարանը կբացվի 2022-ի սեպտեմբերին։ Այն կտեղակայվի Ստեփանակերտի զորամասերից մեկի շենքերի տարածքում․ զորամասը կտեղափոխվի նոր վայր։ Դպրոցը նախատեսված կլինի մինչև 220 աշակերտի համար, աշխատակիցների թիվը՝ մինչև 80: Հայտարարվելու է մրցույթ, որի ժամանակ ճեմարանը տնօրենությունը կընտրի թե՛ տնօրենին, թե՛ մասնագետներին։
«Իհարկե, մեզ համար ցանկալի է, որ աշխատակազմը լինի Արցախից՝ ներառյալ դպրոցի տնօրենը։ Աշխատակազմում ոչ միայն ուսուցիչներ են, այլև այլ մասնագետներ․ օրինակ՝ Շիրակացի ճեմարանում այսօր 15 հոգեբան է աշխատում։ Նախատեսում ենք, որ Ստեփանակերտի ճեմարանում էլ կաշխատեն լոգոպեդներ և հոգեբաններ։ Բոլոր ծախսերն իր վրա վերցրել է Արցախի կառավարությունը, բայց մենք էլ մեր կողմից ենք աջակցելու։ Օրինակ՝ այս տարվա նոյեմբերի 6-ին Շիրակացիում տեղի կունենա Կրթատոն, որի ժամանակ արված նվիրատվությունները կուղղվեն Արցախին», - ասում է Շիրակացու տնօրենը։
Այժմ Երևանում աշխատում են Ստեփանակերտի ճեմարանի կրթական ծրագրի վրա։ Անանիա Շիրակացու ճեմարանը 1990 թվականից աշխատել է Ալիխանյանի հեղինակած ուրույն կրթական ծրագրով, որում դասական առարկաներից բացի ներառված են եղել «Ասպետաբանություն», «Բեմարվեստ, կինո և հռետորական արվեստ», «Մենեջմենթ», «Գյուտարարական ստեղծագործություն», «Փականագործություն և դարբնոցային գործ» և այլ առարկաներ, որոնց մեծ մասը որոշակի փոփոխություններով ներմուծվել է նաև հանրակրթական ծրագիր։
© Sputnik / Janna PoghosyanՇիրակացու ճեմարանի առաջին դասացուցակը (1990թ.)
Շիրակացու ճեմարանի առաջին դասացուցակը (1990թ.)
© Sputnik / Janna Poghosyan
«Ստեփանակերտի ճեմարանի կրթական ծրագիրը կտարբերվի Երևանի ճեմարանի ծրագրից այնքանով, որքանով Արցախի խնդիրներն են տարբերվում Հայաստանի խնդիրներից», - ասում է Ալիխանյանը։
Այս սեպտեմբերից Երևանի Շիրակացիում սովորում են յոթ արցախցի երեխաներ, նրանց բոլորի վարձը վճարում է Արցախի կառավարությունը։ Երեխաներից վեցը տղաներ են, մեկը՝ աղջիկ, ընտրվել են մրցութային կարգով։ Տղաներն այժմ ապրում են Շիրակացու հանրակացարանում։ Արցախից աշակերտներ վերցնելու փորձ ճեմարանը մեկ էլ 1990-ականների սկզբին է ունեցել։ Այդ ժամանակ ճեմարանի բավականին բարդ դասապրոցեսից բոլոր արցախցի երեխաները դուրս էին մնացել, բացի մեկից։ Հենց այդ մեկը՝ Դավիթ Օհանջանյանը, այսօր աշխատում է Արցախի կառավարությունում։
© Sputnik / Janna PoghosyanԱնանիա Շիրակացու ճեմարան
Անանիա Շիրակացու ճեմարան
© Sputnik / Janna Poghosyan
Անանիա Շիրակացու ճեմարանը բազմաթիվ միջազգային համագործակցություններ ունի, այն «Ռաունդ Սքուեր» միջազգային դպրոցների համաշխարհային ցանցի անդամ է։ Նախկին խորհրդային միության տարածաշրջանից այդ ցանցում ներառված միակ դպրոցն է։ Ստեփանակերտի Շիրակացու ճեմարանը Երևանի մայր ճեմարանի պես միջազգային լայն հնարավորություններ դեռևս ունենալ չի կարող։ Ալիխանյանն ասում է՝ տարիներ են պահանջվել Երևանի ճեմարանի ճանաչմանն ու այսօրվա արդյունքներին հասնելու համար։ Բայց միևնույն ժամանակ մեծ են շանսերը, որ եթե Ստեփանակերտի ճեմարանը գործի իր հունով, հինգ-յոթ տարի հետո կկարողանա դիմել միջազգային բակալավրիատի ճանաչման համար։ Թեև առանց դրա էլ հետպատերազմական Ստեփանակերտում կգործի Հայաստանի և տարածաշրջանի լավագույն կրթական հաստատություններից մեկը, որը արցախցու համար կլինի անվճար։