«Մեր Արփին ծնվեց». ԱՀ նախագահը հրապարակել է Արտակ Բեգլարյանի նորածին դստեր լուսանկարը
12:57 02.09.2021 (Թարմացված է: 13:29 02.09.2021)
© Photo : Artsakh GovernmentԱրտակ Բեգլարյան
© Photo : Artsakh Government
Բաժանորդագրվել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը պատմական այս ծանր ժամանակաշրջանում նաև ազգին զավակներ պարգևելով է մաքառում։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը երկրորդ անգամ հայր է դարձել. ծնվել է նրա դուստրը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և հրապարակել նորածնի լուսանկարը։
«Րոպեներ առաջ լույս աշխարհ եկավ իմ մարտական ընկերոջ որդու՝ Արցախի հայրենանվեր որդի Արտակ Բեգլարյանի երկրորդ դուստրը՝ Արփին: Ի սրտե շնորհավորելով Արտակի ընտանիքին»,–գրել է Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը պատմական այս ծանր ժամանակաշրջանում նաև ազգին զավակներ պարգևելով է մաքառում, իսկ պայքարի լավագույն արդյունքը այդ սերնդի՝ մեր երազանքների հայրենիքում ապրելն ու արարելն է։
Նշենք, որ Արտակ Բեգլարյանը ևս Facebook-ի իր էջում գրառում է արել ու լուսանկար հրապարակել։
«Մեր Արփին ծնվեց. 3.310 կգ քաշով և 51 սմ հասակով։ Եվ ծնվեց այն ժամանակ, երբ Ստեփանակերտի հուշահամալիրում ես հարգանքի տուրք էի մատուցում մեր անկախության ու ազատության համար զոհվածների հիշատակին: Արփին մեր ընտանիքի յուրահատուկ նվերն է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին և մեր բնական պատասխանը պատերազմի արհավիրքին: Ի դեպ, մեր ընտանիքի համար խորհրդանշական է, որ Նանեն էլ ծնվել է Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի նախօրյակին»,–գրել է Բեգլարյանը:
Նա ևս մեկ անգամ շնորհավորել է Արցախի Հանրապետության օրը:
«Թո՛ղ բոլորիդ ընտանիքներն այսուհետ լցված լինեն մանկական խինդով ու բերկրանքով, որը ազգի ու հայրենիքի հավիտենականության կարևոր գրավականներից է»,–գրել է նա:
Հավելենք, որ Արտակ Բեգլարյանը և Արմինե Վարդանյանն ամուսնացել են 2017 թվականի հունիսի 3-ին Արցախում։ Հարսանիքի քավորը եղել է Արայիկ Հարությունյանը: