ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է կառավարության գրեթե ամբողջական կազմը: Ասում ենք «գրեթե», քանի որ դեռ պաշտոնապես չի նշանակվել թերևս ամենակարևոր նախարարներից մեկը` արտաքին գործերինը։
Նոր կառավարությունում հինգ նոր նախարար կա, որոնք եկել են իրենց պաշտոններին այլ գերատեսչություններից կամ այլ ոլորտներից։ Կարելի է ասել` կառավարման գործից լրիվ անփորձներ ու նորեկներ չկան։
Այսպես` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսուհետ լինելու է փոխվարչապետ։ Նրա նախկին պաշտոնը կզբաղեցնի Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կպահպանի իր պաշտոնը։ Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի ղեկավարել շրջակա միջավայրի, Անահիտ Ավանեսյանը` առողջապահության, Անդրանիկ Փիլոյանը` արտակարգ իրավիճակների, Վահրամ Դումանյանը` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Վահան Քերոբյանը` էկոնոմիկայի նախարարությունները։
Նարեկ Մկրտչյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալից դարձել է նախարարության ղեկավար։ Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ֆինանսների նախարար։ Կառավարությունում լրիվ թարմ դեմքեր կան, որոնք որևէ կերպ չեն առնչվել «Քաղաքացիական պայմանագրի» հետ։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, օրինակ, նշանակվել է արդարադատության նախարար, իսկ Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանը կղեկավարի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։