ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Երևանում հանցավոր շղթա է գործել. ՀՀ քաղաքացին 2 հանցակցի պատվիրել է 6 մարդու սպանություն։ Պատվերն իրագործելու համար նրանց գումար վճարելուց բացի նա տրամադրել է հրազեն ու ռազմամթերք, գնել ավտոմեքենա, վարձել բնակարան, տրամադրել քողարկման համար անհրաժեշտ պարագաներ։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
ՀՀ մեկ քաղաքացու սպանությունը կազմակերպելու համար նա տվել է 10.000 ԱՄՆ դոլար և զենք:
«Հանցակիցն անվերապահորեն կատարել է նրա ցուցումներն ու Երևան քաղաքում թիրախավորված անձին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նշված հրազենով դիմահար կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ սպանությունն ավարտին չի հասցրել, քանի որ նկարագրված հրազենային վիրավորումը ստանալուց հետո թիրախավորված անձին հաջողվել է խույս տալ հետագա կրակոցներից»,–ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ չբավարարվելով արդյունքով՝ սպանությունն ավարտին հասցնելու և հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով պատվիրատուն ցուցում է տվել հանցակցին շարունակել վերահսկել նշված անձի տեղաշարժը և առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացնել նրա սպանությունը:
Թիրախավորված մյուս անձանց տեղաշարժը վերահսկելու և սպանություններ իրագործելու նպատակով պատվիրատուն հանցակցի համար Երևան քաղաքում վարձակալել է բնակարան, նրա համար գնել ավտոմեքենա, հոգացել նրա կենցաղային ծախսերը, տրամադրել քողարկման և անճանաչելի դառնալու համար նախատեսված շպարման պարագաներ, ատրճանակներ, այդ թվում՝ ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ։
«Թիրախավորված անձանց դիակները սպանությունից հետո հուղարկավորելու և այդ կերպ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով պատվիրատուն հանցկացի հետ քննարկել ու Կոտայքի և Արմավիրի մարզերում ընտրել են համապատասխան վայրեր«–ասավում է հաղորդագրության մեջ:
Երևանի 2 բնակիչ հափշտակել են զինծառայության մեջ գտնվող անձանց փոխանցվող գումարները. ԱԱԾ
Այնուհետև, պատվիրատուի ցուցումներով հանցակիցները հետևել են թիրախավորված անձանց տեղաշարժին, ուսումնասիրել նրանց բնակության վայրերում տեսանկարահանող սարքերի առկայությունը, շենքի մուտքին աննկատ մոտենալու ճանապարհները, սակայն այս պարագայում ևս սպանություններն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին հասցնել չեն կարողացել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների միջոցառումների արդյունքում:
2021 թվականի հուլիսի 27-ին քրեական գործը՝ երեք անձի մասով մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
ԱԱԾ–ն բացահայտել է ավտոմեքենաների թանկ համարանիշները գողացող հանցավոր խմբի անդամներին