ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Խմելու ջուրը վերջապես կհասնի Սյունիքի մարզի Խնածախ գյուղը։ Լուրը հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Պարզվում է՝ Տեղ միավորված համայնքի Խնածախ բնակավայրը խմելու ջրի ինքնահոս համակարգ երբևէ չի էլ ունեցել, բնակիչները տարիներ շարունակ զրկված են եղել խմելու ջրից։
Ներկայում բնակիչները ջուր ստանում են երեք օրը մեկ, այն էլ՝ սահմանափակ քանակությամբ։ Գյուղացիները ստիպված էին ջուր բերել բնակավայրից հեռու գտնվող վայրից, ինչը լրացուցիչ բեռ է նրանց համար։
«Համայնքը ջրով ապահովելու համար նախագծվել է չորս ջրահավաք կառույց, կմոնտաժվեն նաև անհրաժեշտ քանակությամբ խողովակաշարեր։ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և չորս տոկոսի չափով նաև համայնքի համաֆինասավորմամբ` Խնածախի բոլոր տները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- տեղեկացնում են նախարարությունից։
Նախարարության տեղեկություններով՝ շահառու բնակիչների թիվը 800 է։ Ընդհանուր ներդրվել է 84 միլիոն 960 հազար դրամ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի փետրվարին։
Երաշտի վտանգ կա. ջրամբարներում կուտակված ջուրը կբավականացնի՞ մինչև անձրևներ
Ծրագիրն իրականացվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։