ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ: Հայ շախմատիստը 1/8 եզրափակչի լրացուցիչ երկու պարտիաներում պարտվեց իրանցի Ամին Տաբատաբային:
Առաջին պարտիայում չկարողանալով հաղթել սպիտակներով, իսկ Հայկը շահեկան դիրքում էր, Մարտիրոսյանը սև քարերով ևս պարտվեց երկրորդ պարտիայում:
Նախորդ ռաունդում հայ շախմատիստն ուժեղ էր գտնվել խորվաթ Անտե Բրկիչից: Աշխարհի գավաթի 1/32-րդ խաղարկությունում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Շաքրիյար Մամեդյարովին:
Մինչ այդ հայ գրոսմայստերը պայքարից դուրս էր թողել զամբիացի շախմատիստ Չիտումբո Մվալիին և թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազին:
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին իրենց ելույթները Սոչիի աշխարհի գավաթի խաղարկությունում: Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը ավելի վաղ փուլում դուրս մնացին հետագա պայքարից, իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պայքարից դուրս մնաց առողջական վիճակի պատճառով:
«Արդեն լավ եմ». Լևոն Արոնյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին
Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին: Աշխարհի գավաթի եզրափակչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցել համաշխարհային թագի հավակնորդների մրցաշարին: