ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Այսօր վերաբացվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի` հունիսի 15-ից փակված, շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները` Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կրկին կիրականացվի Covid հիվանդների բուժսպասարկում՝ շուրջ 140 մահճակալից բաղկացած առանձնացված մասնաշենքում`առանձին մուտքով»,– Facebook–ի իր
էջում գրել է նա:
Մասնաշենքն իր գործունեություն է ծավալում ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։ Համալսարանական լավագույն մասնագետները ապահովում են բուժօգնության բարձր որակն ու հասանելիությունը։
«Սպուտնիկ Լայթ» և «AstraZeneca» պատվաստանյութերի համատեղ փորձարկում կլինի
«Եվս մեկ անգամ խնդրում ենք պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և հրատապ պատվաստվել։ Հիշեք` միայն միասին կարող ենք կոտրել Covid 19-ի տարածման շղթան: Խնդրում եմ` օգնեք օրուգիշեր աշխատող մեր բուժաշխատողներին, որպեսզի չունենանք վտանգավոր ու ծանր հետևանքներ»,– եզրափակել է Մուրադյանը։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 180–ով և դարձել 229 090: