ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում իր հաջորդ գոտեմարտը 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն անցկացնելու է հուլիսի 31–ին։ 1/8 եզրափակիչում հայ բռնցքամարտիկի մրցակիցն է լինելու ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևը։
1/16 եզրափակիչում Հովհաննես Բաչկովի հաղթանակը Ալսթոն Ռայանի նկատմամբ անսպասելի երևույթ չէր։ Հայ բռնցքամարտիկը կարգով շատ բարձր է մրցակցից, և դա ապացուցեց երեք ռաունդների ընթացքում, որոնցում մրցավարներն արձանագրեցին Բաչկովի հաղթանակը։ Իսկ ահա 1/8 եզրափակիչում մեր բռնցքամարտիկին անհամեմատ դժվար մրցակից է բաժին հասել։ Ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևը 2013 թվականի աշխարհի չեմպիոն է, սակայն դա ընդամենը նշանակում է, որ Հովհաննեսի մրցակիցն ուժեղ է նախորդից։ Ու, իհարկե, անանցանելի արգելք չէ հայ բռնցքամարտիկի համար։
Երկու բռնցքամարտիկներն էլ հարուստ փորձ են կուտակել ռինգում, և երկուսի համար էլ սա օլիմպիական երկրորդ խաղերն են։ Ռիո–2016–ի բռնցքամարտի մրցաշարում Հովհաննես Բաչկովը չկարողացավ հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը` պարտվելով չինացի բռնցքամարտիկին։ Սակայն հիմա մեր մարզիկը շատ լավ է պատրաստ մրցումներին, ու քառորդ եզրափակիչ դուրս գալու բոլոր շանսերը ունի։ Չալաբիևը նախկինում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում, և 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Սամսունում հաղթել է Արամ Ավագյանին։
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Տոկիո 2020-ում գրավել է 18-րդ տեղը
Ինչ վերաբերում է հայ օլիմպիականների ելույթներին, ապա հուլիսի 26–ին պայքարի մեջ կմտնի ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ)։ Իր առաջին մենամարտը օլիմպիական խաղերում կանցկացնի բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), որի մրցակիցն է լինելու անգլիացի Ջալալ Յաֆային։
Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։
«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում
Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։
Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:
Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում