ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ չանցած շուրջ մեկ տասնյակ քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ:
Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սա խորհրդակցական ձեւաչափով առաջին նիստն է, թեև նույն կազմով հանդիպում կայացել է նաև հուլիսի 9-ին:
Նիստին մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական-ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է ժողովի մասնակիցներին և մաղթել հաջող ու արդյունավետ քննարկումներ:
Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ պետք է նման ձևաչափը դարձնել Հայաստանի ներքաղաքական–հասարակական կյանքի քննարկման կարևոր հարթակ: Վարչապետի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ նման կազմով աշխատանքը թույլ կտա նոր գաղափարներ մշակել երկրի քաղաքական ու տնտեսական կյանքի զարգացման համար:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները կկայանան ամեն շաբաթ օր։