Այսօր` հուլիսի 24-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը:
Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ, ինչպես նաև վարպետի ընկերները, հարազատներն ու բազմաթիվ քաղաքացիներ:
Մեծանուն դուդուկահարին հրաժեշտ տվեցին ծափերի ու նրա սիրելի դուդուկի հնչյունների ներքո։
Ջիվան Գասպարյանի աճյունն ամփոփվելու է Կոմիտասի անվան պանթեոնում։
Հիշեցնենք` մեծանուն արվեստագետի մահվան մասին հայտնի դարձավ հուլիսի 6-ին։
Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղում 1928 թվականին։ Նա դժվար մանկություն է ունեցել. մայրը շուտ է մահացել, հայրը պատերազմ է մեկնել, ինքն էլ մեծացել է որբանոցում։
Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից` առանց դասընթացների հաճախելու։
1949 թվականին արդեն Ջիվան Գասպարյանը միացել է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին։
1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։
Ինչու Ջիվան Գասպարյանին ոչ ոքի հետ չես շփոթի
Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։
Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։
Հոգեցունց դուդուկ. Ջիվան Գասպարյանի մի քանի ամենավառ ելույթները