Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչ հենացատկից՝ 14,866 արդյունքով, հայտնում է armsport-ը։
Դավթյանը երկրորդ տեղով է անցել եզրափակիչ, թեպետ որակավորման փուլից հետո առաջին տեղը զբաղեցրած կորեացի մարզիկը նույնքան միավոր է վաստակել:
Հենացատկի եզրափակիչը կկայանա օգոստոսի 2-ին և կմեկնարկի ժամը 13:45-ին:
Հիշեցնենք` հայ մարմնամարզիկն այսօր փայլուն հանդես եկավ հենացատկի որակավորման փուլում՝ երկու ցատկի հանրագումարով արժանանալով 14,866 գնահատականի: Իսկ նժույգթափեր վարժության որակավորման փուլում նա 14.566 գնահատական ստացավ։ Այս արդյունքն ամենայն հավանականությամբ բավարար չի լինի եզրափակիչ դուրս գալու համար: Նա 9-րդ տեղում է, իսկ եզրափակիչի ուղեգիր են նվաճում 1-8-րդ տեղ գրաված մարմնամարզիկները:
Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնում են 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:
Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին:
Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր