ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նոր պետը բոլորովին էլ պատահական մարդ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Razm.info ռազմական պորտալի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը` մեկնաբանելով ադրբեջանական ԶՈւ կառույցում նոր նշանակումը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր` հուլիսի 23-ին հրաման ստորագրեց Ադրբեջանի բանակի ԳՇ պետի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Քերիմ Վելիևին նշանակելու մասին։
Էրդողանի ակնարկը Կիպրոսում. կկարողանա՞ հայկական դիվանագիտությունն օգտագործել իր շանսը
Խաչիկյանի խոսքով` այդ պաշտոնը շուրջ կես տարի թափուր էր մնացել այն բանից հետո, երբ աշխատանքից ազատել էին Նաջմեդին Սադիկովին։ Բնականաբար, նման իրավիճակը երկար տևել չէր կարող։
«Քերիմ Վելիևը պատահական անձնավորություն չէ։ Նա զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի, անձնակազմի գծով ԶՈւ գլխավոր վարչության պետի պաշտոնը», – պարզաբանեց Խաչիկյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԳՇ պետից բացի մի քանի տեղակալներ ունի։ Նրանցից մեկը Վելիևն էր, երկրորդը զբաղվում է նյութատեխնիկական ապահովմամբ, երրորդը` ավիացիայով և ՀՕՊ–ով, և ևս մեկն էլ Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն է։
Տրամաբանությունը հուշում է, որ ԳՇ նոր պետը պետք է լիներ պաշտպանության փոխնախարարների շարքից։
Ինչ վերաբերում է Վելիևին, նախքան փոխնախարարի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցնում էր Ադրբեջանի ԶՈւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնը, 2000-ականներին կորպուսի հրամանատար էր։
Միևնույն ժամանակ, փորձագետը դժվարանում է պատասխանել` ինչու են Վելիևին նշանակել հիմա, և ոչ ավելի շուտ։ Նա նշեց, որ որևէ բան միանշանակ պնդել չի կարելի, ենթադրելով, սակայն, որ Սադիկովին պատերազմական շրջանում հեռացնելուց հետո նոր նշանակումը կարող էր բանակում որոշակի ցնցումների հանգեցնել։
Սադիկովին ազատելու մեջ քաղաքական դրդապատճառներ էին տեսնում։ Մասնավորապես, լուրեր էին շրջանառվում, որ դա ինչ–որ կերպ կապված է թուրքական զինվորականների ներկայության հետ։ Այդ հարցը ենթադրում էր եթե ոչ Անկարայի հետ համաձայնեցում, ապա գոնե նրա համար ընդունելի թեկնածուի նշանակում։
Ադրբեջանցիներն ուզում են էսկալացիայի նոր ուղղություն բացել. ռազմական փորձագետ
«Սակայն ՊՆ ապարատն աշխատում էր, և այդ պահի դրությամբ շտապելու անհրաժեշտություն չկար», – նշեց Խաչիկյանը։
Ադրբեջանի նման երկրներում նման բարձր պաշտոնը չեն վստահի զուտ պրոֆեսիանալ մարդու. այստեղ կարևոր է նաև քաղաքական նպատակահարմարությունը։ Վելիևի անունը մինչ օրս որևէ աղմկահարույց քաղաքական կամ կոռուպցիոն սկանդալում չի շրջանառվել։
Ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիան և Ադրբեջանն աստիճանաբար միավորում են իրենց բանակները, ապա, փորձագետի խոսքով, ակնհայտ գործընթացի մասին դեռ վաղ է խոսել, սակայն որոշակի նշաններ առկա են։
Օրինակ, երկրում մինչև վերջերս թուրքական բանակի ներկայացուցիչներ են մնում։ Նրանցից մեկը գեներալ–մայոր Բախտիյար Էրսայն է, որը պատերազմի ժամանակ գտնվել է Ադրբեջանի ԶՈւ օպերատիվ կառավարման կենտրոնում։
«Նրա պարտավորությունները ենթադրում են տարբեր գործողությունների նախապատրաստում։ Ֆորմալ առումով նա Ադրբեջանում Թուրքիայի առաքելության ներկայացուցիչն է։ Բայց քանի որ հայտնի են Էրսայի պրոֆեսիոնալ հմտությունները, կարելի է ենթադրել, որ նա մասնակցում է երկու բանակների համատեղ գործողությունների ներդաշնակեցմանը», – ասաց Խաչիկյանը։
Երկու երկրների ԶՈւ–երի հավանական միակցման մասին ընթերցեք Sputnik Արմենիայի նախորդ նյութում: