ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. «Օրենքով գող» Գևորգ Մելիքյանը՝ «Օշականցի Գեւորիկը», 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Տեղեկությունը հայտնում է «Հայկական ժամանակը»։
Թերթի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը։ Գևորգ Մելիքյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրվել է գրավը:
Մելիքյանի պաշտպան Մնացական Մարուքյանը թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ իր պաշտպանյալն ազատ կարձակվի գրավի դիմաց:
Հիշեցնենք՝ «Օշականցի Գևորիկին» մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը)։
«Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Գևորգ Ալբերտի Մելիքյանը 1994 թվականին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Մկան» մականվամբ` Ռաֆայել Փիլոյանի և «Էջմիածնցի Հարութիկ» մականվամբ` Հարություն Ռոստամյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և քրեական աշխարհում հայտնի դարձել որպես «Օշականցի Գևորիկ»։