ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հստակ կարգ է սահմանել նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Կարևորելով զինծառայողների առողջությունն ու զինված ուժերի մարտունակության պահպանումը և հաշվի առնելով ԶՈւ մի շարք զորամասերում կայանալիք նորակոչիկների զինվորական երդման արարողությունները, անձնակազմի շրջանում վարակիչ հիվանդությունների և մասնավորապես կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու նպատակով նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար սահմանվել է հետևյալ կարգը․
- Երդման արարողության օրը զորամաս մուտք գործելու համար նորակոչիկի հարազատները պետք է զորամաս ժամանելիս ներկայացնեն ՊՇՌ թեստի՝ 72 ժամը չլրացած բացասական պատասխանով տեղեկանք կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հաստատող անձնագիր (QR կոդ):
- Նորակոչիկների երդման արարողությունների ընթացքում զորամասերում պետք է խստագույնս պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները, մասնավորապես պետք է պահել սոցիալական հեռավորություն, դնել դիմակներ, ախտահանել ձեռքերը և այլն։
Նույն կարգը գործում է նաև զինծառայողներին զորամասերում տեսակցելու դեպքում։
ՊՆ–ն զինծառայողների հարազատներին և շահագրգիռ այլ անձանց հորդորում է ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին:
Հայ զինվորականները չեն մասնակցի ՆԱՏՕ–ի զորավարժություններին. ՊՆ