Լոռու մարզի Քարաբերդ գյուղում միայն տարեցներն են ապրում. տեղի բնակիչները հումորով են վերաբերվում իրավիճակին` ասելով, թե իրենց գյուղում երիտասարդների տարիքը 60 տարեկանից է սկսվում։
Քարաբերդն ամենաքիչ բնակեցված գյուղն է Հայաստանում` 60 անձ կա գյուղում։ Այստեղ երիտասարդություն չկա, քանի որ կրթական հաստատություն` մանկապարտեզ ու դպրոց չկա։
«Ում երեխան մեծանում է, գնում են ընտանիքով տնից, որպեսզի մանկապարտեզ գնան, դպրոց հաճախեն։ Կամաց-կամաց ծերանոց դարձավ մեր գյուղը»,–ասում է գյուղապետը` Յուրա Շավելյանը։
Քարաբերդում ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն ու մեղվաբուծությունն է։ Գյուղում ոռոգման ջուր չկա, որպեսզի «վարեն-ցանեն»։ Սակայն այնպես չէ, որ գյուղում դրական ոչինչ չկա. Քարաբերդում 17-րդ դարի եկեղեցի է եղել, որը, սակայն, այժմ կիսաքանդ վիճակում է. եկեղեցու ներսում 4-րդ դարի խաչքար կա։
Բացի այդ, Քարաբերդն ասես դրախտում տեղակայված լինի` չորս կողմը սարեր և անտառներ են։ Տեղի հրաշալի բնությունն էլ տեսել ու անտարբեր չեն մնացել սփյուռքահայերը, որոնք հյուրատուն են կառուցում գյուղում` Քարաբերդին երկրորդ շունչ տալով։
Տեղի բնակիչները հույս ունեն, որ իրենց` խոպան կամ Վանաձոր գնացած զավակները մի օր վերադառնալու են գյուղ։