ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները 18 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«18 տոննա բեռ ենք ստացել, որն այստեղ է տեղաբաշխվելու։ Հետագայում այս բեռը կհասցվի հեռավոր գյուղեր, կարիքավոր բոլոր բնակիչներին», – ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը։
Ընդհանուր առմամբ բարեգործական կազմակերպությունների ու հիմնադրամների գծով ռուս խաղաղապահները ԼՂ բնակիչներին ավելի քան 220 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել, որոնց թվում սննդամթերքից և առաջին անհրաժեշտության իրերից բացի, եղել են նաև մասնագիտական բուժսարքավորումներ և բուժհաստատությունների համար անհրաժեշտ առաջնային ախտորոշման հավաքածուներ։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: