ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Երեկ` հուլիսի 18–ի երեկոյան Ամիրյան փողոցում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանություն, հայտնել են, որ Ամիրյան փողոցում կրակոցներ են հնչում։ Ունենք հիվանդանոցներից հաղորդումներ, մասնավորապես մեկ անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը`կտրած–ծակած վերք ախտորոշմամբ։ Այդ անձինք հայտնել են, որ նշված վնասվածքները ստացել են Ամիրյան փողոցում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նախաքննություն է կատարվում, դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»,–ասաց նա։
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ կրակոցներ են հնչել Ամիրյան փողոցի` դեպի Սարյան տանող հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց. կրակել էին սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայից՝ ինչ-որ քաղաքացու ոտքին: