ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱԺ պատգամավորների նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից, հիմնականում՝ վառելիքի ծախսերից օգտվելու համար ամսական տրամադրվող 50 000 դրամը բավարար չէ։ ԱԺ նիստում նման կարծիք հայտնեց իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ ներկայացնելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։
Նշենք, որ օրենքի նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության անդամներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են։ Նախագծով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50 000 դրամը դարձնել 250 000։ ԱԺ–ն քննարկում է նախագիծն առաջին ընթերցմամբ։
«Սա միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը։ Սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորների համար, որոնք մարզերից են և պետք է հանդիպեն ընտրողների հետ, սա մեծ աջակցություն է իրենց համար»,–ասաց Ենգիբարյանը։
Նրա խոսքով` նախորդ տարվա համեմատ ԱԺ ծախսերը չեն ավելանալու. 2020-ի տարեկան վարձատրության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 274,5 մլն դրամ, իսկ այս փոփոխության արդյունքում ծախսը կկազմի 256,8 մլն դրամ։ Ենգիբարյանը հայտնեց` քանի որ պատգամավորների քանակը կրճատվել է, հավելյալ ծախսերի կարիք չի լինի։ Հավելենք, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 107 է` գործող գումարման ԱԺ–ից 25-ով պակաս։
Պատգամավորն անգիտակցաբա՞ր է խլել լրագրողի հեռախոսը. ՀՔԾ–ի որոշումը տարակուսանք է առաջացրել
«Ի դեպ, վերջին անգամ 2020-ի մարտին են ԱԺ պատգամավորները պարգևավճար ստացել, բայց ԱԺ աշխատակազմն է խրախուսվել դրա փոխարեն»,–ասաց Ենգիբարյանը։
24 ժամվա ընթացքում կլինի նախագծի երկրորդ ընթերցումը։ Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։