ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Գյումրու Ավտոկայան թաղամասի տներից մեկի պարսպի տակ գտնված նորածնի մայրը դեռ չի հայտնաբերվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:
Փոքրիկը շարունակում է մնալ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում, որտեղից մեզ տեղեկացրին, որ երեխան առողջ է, բայց կմնա հիվանդանոցում այնքան, որքան անհրաժեշտ է։
Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանն էլ Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ երեխան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կհանձնվի պետության խնամքին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշմամբ` կտեղափոխվի մանկատուն:
«Կհաշվառվի որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա, իսկ որպես որդեգրման ենթակա երեխա կհաշվառվի հայտնաբերումից 3 ամսից ոչ շուտ, օրենքով սահմանված կարգով: Այսպես է ընկեցիկ երեխաների պարագայում: Եթե 3 ամսվա ընթացքում հանգամանքներ փոխվեն, այսինքն՝ հայտնաբերվի ծնողը կամ մեկ այլ անձ, գուցեև երեխան հանձնվի խնամակալության: Այսինքն՝ իրավիճակից ելնելով՝ օրենքով սահմանված կարգով ի շահ երեխայի որոշումներ կկայացվեն»,- նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` եթե պահանջված ժամկետից հետո լինեն խնամակալության դիմումներ, հնարավոր է, որ երեխան հանձնվի խնամակալության: «Խնամակալության, խնամատարության կամ որդեգրման բացակայության դեպքում երեխան կուղարկվի մանկատուն»,-հստակեցրեց Գրիգորյանը:
Հիշեցնենք` հուլիսի 3-ի առավոտյան` ժամը 10:00-10:30-ի սահմանում, Գյումրու տներից մեկի պարսպի տակ բարուրով փաթաթված նորածին էր հայտնաբերվել: Փոքրիկը տեղափոխվել էր Ավստրիական մանկական հիվանդանոց: Պարզվել էր, որ 3 կգ 100 գրամ քաշով ու 51 սմ հասակով տղան բնածին արատ չունի:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հատկանիշերով (մոր կողմից նորածին երեխայի սպանության փորձ):