ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, որը հուլիսի 8-ին կալանավորվել էր, մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի երկրորդ մասով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը): Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Նրա խոսքով` Գոռ Համբարձումյանն առնչվում է շղթայական և կազմակերպված մարմնավաճառության գործի հետ:
Համբարձումյանը անմիջական կապ չի ունեցել կանանց պոռնկության գործում ներգրավվելու մեջ, խնդիրներ առաջանալու դեպքում դրանք լուծել է, ինչի դիմաց գումար է ստացել մարմնավաճառների «աշխատած» գումարներից:
«Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև երեք այլ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը), նրանք նույնպես կալանավորվել են»,–ասաց Թադևոսյանը:
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը 2 ամսով կալանավորվել է. փաստաբան
Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանը մեղադրվում է նաև մեկ այլ քրեական գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածով։ Մասնավորապես Համբարձումյանը 2018 թվականի իշխանափոխության օրերին Կորյուն-Հերացի խաչմերուկում փողոցը փակած քաղաքացիներին հայհոյել էր, ինչպես նաև փորձել էր բռնի ուժով դուրս հանել փողոցից՝ հարվածելով նրանց: