ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Նոր կորոնավիրուսի ծագումը ճշգրիտ պարզելու համար կարող է մեկ կամ երկու տարի պահանջվել։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Նովոսիբիրսկի պետական համալսարանի բիոնանոտեխնոլոգիայի, մանրէաբանության ու վարակաբանության ամբիոնի վարիչ, ՌԳԱ թղթակից անդամ Սերգեյ Նետեսովը։
«Կարծում եմ, որ դրա համար ամիսներ են պետք, ոչ թե օրեր, գուցե մեկ-երկու տարի։ Պարզապես պետք է շատ բան ուսումնասիրել։ Բանն այն է, որ իրադարձությունը, որը տեղի է ունեցել, ինչպես նաև ատիպիկ թոքաբորբի վիրուսի առաջացումը, շատ հազվադեպ բնական երևույթ է», – ասել է նա։
Նետեսովի խոսքով՝ 2002-2003 թվականների ատիպիկ թոքաբորբի պատճառների հետաքննության դեպքում շատ արագ հաջողվել է գտնել կենդանիներից արտադրվող բնական շտամերը, որոնք նման էին մարդուց առանձնացած շտամերին ու նույնիսկ հետևել՝ ինչպես է վարակը բնությունից մարդուն անցել։
«Ներկայիս կորոնավիրուսի համար նույնպես հայտնաբերվել է առնվազն մեկ հստակ «նախնի», որն ավելի քան 96% հոմոլոգիա ունի, սակայն մնացած 4%-ը առեղծված է։ Ամենատարբեր երկրների մասնագետներն աշխատում են դա հասկանալու համար», - նշել է գիտնականը։
Կորոնավիրուսի միանգամից 2 շտամով վարակված կինը մահացել է Բելգիայում
Նետեսովը պարզաբանել է, որ բնության մեջ կորոնավիրուսները շատ են կենդանիների ամենատարբեր տեսակների, այլ ոչ միայն չղջիկների մոտ։ Հայտնի է, որ մարդկային կորոնավիրուսների համար միջանկյալ տերեր են եղել և՛ կովերը, և՛ արմավենու ցիվետաները, և՛ ջրանման շները, և՛, ամենայն հավանականությամբ, այլ փոքր կաթնասունները։