ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի միջնորդական ակտիվ դերակատարությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում։ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված իր ուղերձում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Կարևորում ենք Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման ուղղությամբ ձեր երկրի անշեղորեն արտահայտվող հստակ դիրքորոշումը։ Վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել Արցախի խնդրի համապարփակ ու արդար կարգավորմանը»,–նշված է Փաշինյանի ուղերձում։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով` Հայաստանը պատրաստակամ է առավել խորացնելու և ընդլայնելու երկկողմ հարաբերությունները ռազմավարական երկխոսության շրջանակում։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես շնորհավորել է Բայդենին Անկախության օրվա աթիվ` ասելով, որ աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բայդենի հայտարարությունը։
«Բազում զրկանքների գնով ձեռք բերված անկախությունը, ինչպես նաև դրան հաջորդող շրջանի նվաճումներն Ամերիկայի ժողովրդի հաստատակամության և անկախության սկզբունքներին հավատարմության ապացույցն են։ Այս տարի Անկախության օրվա տոնակատարություններն առանձնահատուկ նշանակություն ունեն միլիոնավոր ամերիկացիների համար, քանի որ համավարակի պայմաններում խորհրդանշում են վերադարձը բնականոն կյանքին»,–ասել է Սարգսյանը։
ՀՀ–ն պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով. Փաշինյանը` ԱՄՆ դեսպանին
Նրա խոսքով` այդ տոնակատարությունները հատուկ կարևորություն ունեն նաև ամերիկահայ մեր հայրենակիցների համար, որոնք ուրույն ներդրում են ունեցել ԱՄՆ զարգացման գործում։ ՀՀ նախագահը հավելել է նաև, որ ԱՄՆ–ն Հայաստանի կարևորագույն գործընկերներից է: