Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Մեր հայրենակիցներից շատերը, գեղեցիկ կազմվածք ունենալու հետևից ընկած, փորձում են հայթայթել բավականին թանկ «նորաձև» մթերատեսակներ, օրինակ` կինոա կամ ծնեբեկ, որոնք հայտնի են օգտակար հատկություններով և ցածր կալորիականությամբ։ Մինչդեռ ավանդական հայկական խոհանոցը հարուստ է մթերատեսակներով, որոնք ոչ միայն շատ օգտակար են ու ցածր կալորիականություն ունեն, այլև ավելի մատչելի են։ Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այդ շարքից առանձնացրեց 5 մթերատեսակ։
Մածուն
Այս հանրահայտ կաթնամթերքի ամենամեծ առավելություն այն է, որ հարուստ է կալցիումով և օրգանիզմին անհրաժեշտ այլ տարրերով:
«Այդ իսկ պատճառով առանձնապես օգտակար է երեխաներին և դեռահասներին, որոնց ոսկրամկանային համակարգը ձևավորման ընթացքում է», – ասաց բժիշկը։
![Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/1257/82/12578244_0:0:1600:1065_1920x0_80_0_0_3ab097b05719d2f5971ce9bf38669a7a.jpg)
Այդ ամենից բացի, մածունը բարձր է գնահատվում, քանի որ պարունակում է մեծ թվով լակտոբակտերիաներ, որոնք անհրաժեշտ են աղիքների համար:
«Լակտոբակտերիաները բարենպաստ ազդեցություն են թողնում աղիքների միկրոֆլորայի վրա, այդ պատճառով էլ մածունը հաճախ օգտագործում են թունավորումներից հետո վերականգնվելու համար», – ավելացրեց նա։
Զարմանալի չէ, որ մածունը լայն կիրառում ունի հայկական խոհանոցում։ Այն, ջրի հետ խառնելով, օգտագործում են որպես զովացուցիչ ըմպելիք՝ թանը, որ առատ գործածվում է հատկապես ամռանը։ Մածնից պատրաստում են նաև ապուր՝ սպասը, թեև, ինչպես նշում են մասնագետները, ջերմային մշակման ժամանակ մթերքն օգտակար հատկությունների մի մասը կորցնում է:
![Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/744/03/7440382_0:0:1000:700_1920x0_80_0_0_93e1a3321e30ac8eb44837d3ebf6cd1f.jpg)
Ավելուկ
Ավելուկը, դիետոլոգի խոսքով, հարուստ է բջջանյութով և հանքային աղերով։ Հայկական խոհանոցում այս կանաչուց ինչպես աղցաններ, այնպես էլ ապուր են պատրաստում։
«Ժողովրդական բժշկության մեջ ավելուկը լայնորեն կիրառվում է որովայնային ցավերը հանգստացնելու համար», – ասաց նա։
Պետրոսյանը նկատեց, որ շատ օգտակար են նաև հայկական ուտելի կանաչիների մյուս տեսակները` սիբեխ, սպանախ, համեմ, մաղադանոս, կանաչ սոխ և այլն։
![Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/594/21/5942171_0:0:1600:1065_1920x0_80_0_0_511dc6a3ce44111f87a9a48192f76dd2.jpg)
«Կանաչին հայկական սեղաններին միշտ առատ է, բայց մենք նրան արժանի ուշադրություն չենք դարձնում», – ընդգծեց դիետոլոգը։
![Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/1127/50/11275047_0:0:1600:1067_1920x0_80_0_0_8fcf1ead6ff25e3241aff2679fb69acb.jpg)
Լավաշ
Բավական օգտակար է և ցածր կալորիականություն ունի հայկական դասական լավաշը, որը պատրաստում են ցորենի ամբողջական հատիկներից ստացած ալյուրով և առանց թթխմորի։
«Այսպիսի լավաշը հարուստ է վիտամին B–ի և բջջանյութի պաշարով», – ասաց Պետրոսյանը։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ այսօր, ցավոք, այդպիսի լավաշ գտնելը դժվար է, որովհետև ցորենի ամբողջական հատիկներից ստացած ալյուրի դեֆիցիտ կա։
![Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/156/51/1565195_0:0:1600:1068_1920x0_80_0_0_3dd1a8a9ce3b72f20367482fd5185851.jpg)
Թթի դոշաբ
Թթի դոշաբը հատկապես դուր կգա քաղցրասերներին, որոնք խուսափում են շաքարավազ օգտագործել։
«Դոշաբը պարունակում է թթի հանքային աղերի ողջ համալիրը։ Այն օգտագործում են նաև ժողովրդական բժշկության մեջ՝ որպես հազի դեմ արդյունավետ միջոց», – նշում է բժիշկը։
Նրա խոսքով՝ դոշաբը կարող է փոխարինել տարբեր ջեմերին, որոնց պատրաստման մեջ շաքար են օգտագործում։
Մասուր
«Հիմնականում մենք մասուրի թուրմ ենք օգտագործում։ Այն լավ է օգնում ամռանը, երբ, օրինակ, շոգից այտուցվում են ոտքերը, կամ երբ ճնշումն է բարձրանում։ Մասուրը հարուստ է C վիտամինով, հետևաբար բարենպաստ ազդեցություն է ունենում իմունային համակարգի վրա», – ընդգծեց Պետրոսյանը։
Բժիշկը հիշեցրեց, որ մասուրը (թուրմը, թեյը) նաև օգտագործում են որպես միզամուղ միջոց։
Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ ջերմային մշակման ժամանակ մասուրի վիտամինների և օգտակար հատկությունների մի մասը վերանում է։
![Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/1815/49/18154921_0:0:2795:2048_1920x0_80_0_0_f9dad001baea155a4c0ffcde196732c9.jpg)