ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրգործով այսօր կհայտարարվի նախաքննության ավարտը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հրապարակել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Այսօր ժամը 15։00-ին Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղարկել դատարան։ Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին, թեև այն ի սկզբանե չի էլ եղել»,-նշված է փաստաբանի գրառման մեջ։
Նա հավելում է, որ ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն իսպառ բացակայում է։
Ալեքսանյանի խոսքով` առնվազն այս հարցի համատեքստում Արմեն Չարչյանն այլև չի կարող շարունակել գտնվել անազատության մեջ։
Նշենք, որ Չարչյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Դատարանը նման խափանման միջոցի հիմքն էր համարում այն, որ Չարչյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել նախաքննությանը։
Ի դեպ, Չարչյանը դեռ հիվանդանոցում է։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։
Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել
Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։