ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Պուերտոռիկացի 112-ամյա Էմիլիո Ֆլորես Մարկեսն (Emilio Flores Marquez) ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ներկայում ապրող աշխարհի ամենատարեց տղամարդ և բացահայտել է երկարակեցության գաղտնիքը։ Այս մասին գրված է Guinness World Records կայքում։
Մարկեսը ծնվել է 1908 թվականի օգոստոսի 8-ին Պուերտո Ռիկոյի հյուսիս–արևելքում։ Նա տան 10 երեխաներից ավագն է եղել։ Աշխատում էր եղեգի աճեցման ընտանեկան ֆերմայում, զբաղվում էր բերքը ջրելով և բերքահավաքով։
«Քանի որ ես ամենամեծն էի, ոչ միայն աշխատում էի ֆերմայում, այլև հոգ էի տանում եղբայրներիս և քույրերիս մասին», – պատմել է պուերտոռիկացին։
Ռեկորդակիրն ամուսնացած է եղել 75 տարի։ Նրա կինը` Անդրեա Պերեսը, մահացել է 2010 թվականին։ Նրանք 4 երեխա են լույս աշխարհ բերել, որոնցից երկուսը ողջ են և շարունակում են հոգ տանել հոր մասին։ Տղամարդը նաև 5 թոռ և 5 ծոռ ունի։
Ամենակարևորն ընտանիքն է․ մոլորակի ամենատարեց մարդը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը
Պուերտոռիկացու խոսքով` նրա երկարակեցության գաղտնիքն այն է, որ ինքը միշտ ընտրել է սերն ատելության փոխարեն։
«Հայրս ինձ սիրո մեջ է դաստիարակել և սովորեցրել է սիրել շրջապատող բոլոր մարդկանց։ Նա սովորեցրել է ինձ և եղբայրներիս ու քույրերիս բարին անել և կիսել մյուսների հետ ունեցածը», – ասել է նա։
Ավելի վաղ աշխարհի ամենատարեց տղամարդ էր ճանաչվել ռումինացի Դումիտրու Կոմենեսկուն, որը մահացավ 2020 թվականի հունիսի 27-ին կյանքի 112-րդ տարում։
Երկարակեցության համաշխարհային ռեկորդը պատկանում է ֆրանսուհի Ժաննա Կալմանին (Jeanne Calment), որը մահացել է 1997 թվականի օգոստոսին 122 տարեկան և 164 օրականում, սակայն ուսումնասիրողները նրա տարիքը կասկածի տակ են դնում։