ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) փոխարինել է Ուկրաինայում իր մշտական ներկայացուցչին ռոտացիայի կարգով, հունիսի 28-ից այդ պաշտոնը զբաղեցնում է ՀՀ քաղաքացի Վահրամ Ստեփանյանը, ասվում է հիմնադրամի ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
«Արժույթի միջազգային հիմնադրամը Վահրամ Ստեփանյանին նշանակել է Ուկրաինայում իր մշտական ներկայացուցիչ։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Յոսթ Լյունգմանին։ Ուկրաինայում ԱՄՀ մշտական ներկայացուցչության հաղորդման համաձայն, պարոն Ստեփանյանը անցել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը սույն թվականի հունիսի 28-ին։ Պարոն Լյունգմանը` 4 տարի Ուկրաինայում ԱՄՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելուց հետո, վերադառնում է ԱՄՀ գլխամաս», – ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մշտական ներկայացուցիչներին փոփոխելը ԱՄՀ անձնակազմի ռոտացիայի կայացած պրակտիկա է։ Մշտական ներկայացուցիչը ՀՀ քաղաքացի է, աշխատում է ԱՄՀ–ում 2008 թվականից։