ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Ադրբեջանի դիրքորոշումը հայ ռազմագերիների հարցում շարունակում է մնալ անհանդուրժելի։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում առանձնազրույց է ունեցել ադրբեջանական պատվիրակության անդամ Սամեդ Սեիդովի հետ։
«Ադրբեջանը շարունակում է չընդունել, որ գերեվարված անձինք ռազմագերիներ են, և մենք տեսնում ենք` Ադրբեջանի հատուկ կարևորության գործերի դատարանում շարունակվում է մեր ռազմագերիների դատավարությունը։ Նրանց առաջադրված է Ադրբեջանի Քրեական օրենսգրքով ամենածանր մեղադրանքները, որոնք նախատեսում են մինչև 14-20 տարվա և ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում»,– ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով` ադրբեջանցի պատվիրակը հստակ ասել է, որ գերիների վերադարձի հարցով քննարկում կարող է լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Արցախի 75 տոկոս գրավյալ տարածքը։
Այս իրավիճակում, ըստ Զոհրաբյանի, կարող է լինել միայն մեկ լուծում` Ադրբեջանի հանդեպ պետք է կիրառվեն կոնկրետ պատժամիջոցներ։ Այդ նպատակով նա առաջարկում է խորհրդարանի անունից դիմում հղել ԵԽ–ին` Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը կասեցնելու համար։
«Նավալնու պրիչոսկան խառնվում է` ԵԽ–ն ՌԴ–ի հանդեպ պատժամիջոց է կիրառում, զրկում ՌԴ–ին ձայնի իրավունքից»,– ասաց պատգամավորը։
Նա նաև առաջարկեց Եվրոպայից պահանջել կալանքներ դնել ալիևյան կլանի, ընտանիքի բոլոր անդամների բանկային հաշիվների վրա։
Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդպիսով, Հայաստան վերադարձած գերիների թիվը դարձավ 88։ Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։