ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, «Քայլ դեպի տուն» ծրագրի առաջին փուլով 8 երկրից 100 սփյուռքահայ պատանիներ են ժամանել Հայաստան։
«Առաջին երեք օրերին նրանք եղել են Մատենադարանում, Օշականում, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանում և Ծիծեռնակաբերդում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ նրանք նաև սկսել են մայրենիի, հայրենաճանաչության, հայկական երգ ու պարի դասընթացները:
Նշենք, որ 2021 թվականին «Քայլ դեպի տուն» ծրագիրը իրականացվելու է հունիսի 21-ից օգոստոսի 14-ը՝ 4 փուլով:
Հիշեցնենք` սփյուռքահայերին Հայաստան բերելու, սփյուռքահայ պատանիների և երիտասարդների շրջանում ազգային ինքնության պահպանման և զարգացման այս ծրագիրն առաջին անգամ «Քայլ դեպի տուն» խորագրով անցկացվեց 2018 թվականի օգոստոսին։ Մինչ այդ ՀՀ սփյուռքի նախարարությունն ամեն տարի կազմակերպում էր նմանօրինակ «Արի տուն» ծրագիրը։
2020թ.–ն կորոնավիրուսի համավարակի պատճառով ծրագիրը չիրագործվեց։