ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանակագրական կապ է տեսնում ՌԴ-ԵՄ գագաթնաժողովի գաղափարի և ՌԴ ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի՝ վերջերս կայացած հանդիպման միջև:
«Հնարավոր է՝ Եվրոպայում դա ընկալվել է որպես ազդանշան, թե «հիմա դուք էլ կարող եք մի քիչ ինքնուրույնություն ցուցաբերել»»,-հայտարարել է Լավրովը Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում։
Միաժամանակ նա նշել է, որ առայժմ դժվար է հասկանալ, թե ՌԴ-ԵՄ գագաթնաժողովի գաղափարն ինչպես է համադրվում Մոսկվայի հանդեպ Բրյուսելի նոր քաղաքականության հետ, որը հիմնված է «դիմադրության և զսպման վրա»։
«Բառացիորեն մի քանի օր առաջ Եվրամիությունը հաստատում էր ՌԴ-ի նկատմամբ նոր քաղաքականությունը, որը ձևակերպված է իբրև եռամիասնական քաղաքականություն․ «դիմադրություն, զսպում և ներգրավում այնտեղ, որտեղ դա շահավետ է ԵՄ-ին»։ Եթե գագաթնաժողովի նախաձեռնության հիմքում նման փիլիսոփայություն է ընկած, ապա շատ հետաքրքիր է, թե այդպիսի տեսական միջոցառումը ինչպես է բացվելու և, ստացվում է` անմիջապես պետք է հետևի «դիմադրությունը»։ Հետո էլ «զսպումը»։ Թե ինչպես է այդ ամենը համադրվելու՝ առայժմ ինձ համար դժվար է ասել»,-հայտարարել է Լավրովը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ ծանոթ է Ռուսաստան-ԵՄ գագաթաժողով անցկացնելու Ֆրանսիայի և Գերմանիայի առաջարկին, սակայն չգիտի, թե ինչ օրակարգ է լինելու գագաթաժողովի ընթացքում:
«Մենք նաև չգիտենք՝ ԵՄ մյուս բոլոր անդամները համաձա՞յն են դրան, թե ոչ։ Ուստի այստեղ պետք է, որ մեր գործընկերները պարզաբանեն, թե ինչ նկատի ունեն և ինչի են ձգտում»,-ավելացրել է Լավրովը։
ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը Ռուսաստանի համար «կարմիր գիծ է». Փաշինյան
Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Ժնեւում կայացել Է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը: