ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Տեխնիկական գիտությունների թեկնածու, ԿԳՄՍ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նա ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել` հայտնելով իր որոշման մասին։
«ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու դիմում, որն այս երեք տարվա ընթացքում բազմիցս գրել, բայց չէի ներկայացրել… Չէի ներկայացրել, որովհետև կարևորում էի գործընկերներիս և իմ ջանքերով մեկնարկած ծրագրերի շարունակականության ապահովումը»,–գրել է նա։
Աղբալյանի խոսքով` ազատման դիմում չէր ներկայացնում, քանի որ կարող էր և այս ընթացքում ուժերի ներածի չափով կանխել է մյուս ոլորտների հետ համեմատած մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին ուղղված հարվածները:
Նա նշում է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, որովհետև հավատարիմ է իր գաղափարական քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ի սկզբունքին ու, ի տարբերություն շատերի, կառչած չէ պաշտոնից:
«Հեռանում եմ տղամարդավարի հայտարարելով, այլ ոչ թե ձեր պատկերացրած սաբոտաժ անելով ու պետությանս դեմ աշխատելով: Հեռանում եմ, որովհետև Շուշին ինձ համար դժգույն և դժբախտ քաղաք չէր, այլ հայրենիք, պատմական և ժամանակակից կրթամշակութային կենտրոն` իր Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանով, Տեխնոլոգիական համալսարանով, Կերպարվեստի և երկրաբանական թանգարանով և վերջապես Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցիով, որոնք գուցե ծառայողական թանկարժեք մեքենայի մգեցված պատուհանից դժգույն են երևացել»,–գրել է նա։
Ավինյանը վավերացրել է Փաշինյանի որոշումը. ԱԳ 3 փոխնախարարներն ազատվել են աշխատանքից
Նա նշում է նաև, որ չի կարող հպարտանալ այն պողպատե գործիքով, որով սպառնում են բացառապես հայերին, իսկ թշնամուն պատասխանում ընդամենը քառատողով: Աղբալյանը վստահեցնում է, որ մենք՝ հայերս, իրականում ենք հաղթելու ու դա տեսնելու է այս իշխանությունը։ Նա իր խոսքն ամփոփում է` ասելով, որ հեռանում է կրկին վերադառնալու վճռականությամբ: