ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Պրոֆեսոր Արմեն Չարչյանը շտապօգնությունով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ դատարանը որոշեց 1 ամսով կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանին։
«Պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք։ Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված դատախազությանը»,-նշված է գրառման մեջ։
Հավելենք, որ Արմեն Չարչյանը հիվանդանոց է տեղափոխվել մինչ դատարանի որոշման հրապարակումը։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։
Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։
Սա քաղաքական տեռոր է․ Արմեն Չարչյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին
Հունիսի 20-ի գիշերը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարեց պաշտպանների բողոքը, ու Արմեն Չարչյանն առավոտյան դուրս եկավ «Շենգավիթ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել էր գիշերը՝ առողջական խնդիրների պատճառով։
Չարչյանն այսօր նույնպես չէր ներկայացել դատարան. պաշտպանը հայտնել էր, որ նա առողջական խնդիրների պատճառով հիվանդանոցում է։