ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Առավոտ շուտ անհայտ անձինք նռնակ են գցել իր տան դիմաց կայանած «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, ՀՀԿ անդամ Միհրան Հակոբյանի մեքենայի տակ: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ինքը՝ Միհրան Հակոբյանը։
«Առավոտյան 8.30-ի սահմաններում պայթյուն եմ լսել, դուրս եկանք ու տեսանք, որ ինչպես իմ, այնպես էլ հարևանի մեքենան վնասվել է»,-ասաց նա։
Հակոբյանը հայտնեց, որ մեքենան կայանած է եղել բակում և, բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները, փորձում են տեսախցիկների միջոցով էլ ստանալ մի շարք հարցերի պատասխաններ։
Հակոբյանը վստահեցրեց, որ անձնական խնդիր որևէ մեկի հետ չի ունեցել և հիմա էլ չունի։
«Միանշանակ, սա իմ քաղաքական գործունեության հետ է կապված»,–ասաց Հակոբյանը։