Հայաստանի Հանրապետության ներսում իշխանության և եկեղեցու ծայրահեղ հակադրումը խիստ բացասական ու վտանգավոր գործընթաց է, և այն ամեն կերպ պետք է բացառել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրոնագետ Վարդան Խաչատրյանը։
«Ե՛վ հասարակական ինստիտուտներով, և՛ պետական ինստիտուտներով վերջին հաշվով պետք է ընդհանուր հայտարարի գալ և համախմբվել այն գաղափարի շուրջ, որ միացյալ Հայաստանը կարող է անցնել ներկայիս աշխարհի քաղաքական փոթորկուն օվկիանոսը»,- ասաց նա։
Նրա խոսքով` ընտրական գործընթացների ժամանակ նորանկախ Հայաստանի երբեմնի ղեկավարները կեղեքեցին հասարակությունը և ատելություն սերմանեցին մարդկանց մեջ այնպիսի իրավիճակում, երկրում առկա են լրջագույն մարտահրավերներ, մասնավորապես Ադրբեջանի հետ սահմանային վեճեր։
«Մենք կանգնած ենք բավականին ծանր իրավիճակի առաջ և դրանք հաղթահարելու համար խիստ կարևոր է մեկտեղել ողջ հնարավորությունները, իսկ եկեղեցին այս տեսակետից այն ինստիտուտն ու կառույցն է, որը համահայկական ուշադրություն հրավիրելու և դրական գործընթաց մեկնարկելու բոլոր հնարավորություններն ունի դե ֆակտո։ Եկեղեցու անելիքն ազգային միասնությունը վերականգնելն է»,- նշեց Խաչատրյանը։
Հիշեցնենք` Փաշինյանը երեկ երկխոսության կոչ էր արել հոգևոր առաջնորդներին։ Նա նշել էր` Աստծո ձայնին ոչ ոք իրավունք չունի հակադրվելու։ Մայր աթոռն այսօր հայտարարություն էր տարածել` նշելով, որ ողջունում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից հոգևոր առաջնորդներին ուղղված երկխոսության առաջարկը։